Ոջլադեղ. ՀՀ Բույսեր

Ոջլադեղ (լատ.՝ Delphinium) անիծած հարս, հրանունկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 360) տեսակ։

Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում՝ 13 (15) տեսակ՝

  • ոջլախոտ գարշահոտ (Delphinium foetidum),
  • ոջլախոտ գալարուն (լատ.՝ Delphinium flexuosum),
  • Ոջլախոտ Շովիցի (լատ.՝ Delphinium szovitsia),
  • ոջլախոտ արևելյան (լատ.՝ Delphinium orientale),
  • Ոջլախոտ պարսկական (լատ.՝ Delphinium persicum) և այլն։

Տարածում

Տարածված է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կիսաանապատային, տափաստանային, ենթալպյան, ալպյան գոտիներում։ Աճում է քարքարոտ լանջերին, անտառեզրերին, թփուտներում, մարգագետիններում, աղբոտում ցանքերն ու այգիները։

Կենսաբանական նկարագիր


Բազմամյա և միամյա խոտաբույսեր են։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15-150 սմ։ Տերևները հերթադիր են, թաթաձև-հատվածավոր կամ թաթաձև բաժանված, ծաղիկները՝ անկանոն, կապույտ, մանուշակագույն, երկնագույն, դեղնավուն և այլն։։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման։ Ծաղկապատը կազմված է 5 գունավոր բաժակաթերթերից, որոնցից մեկը ձգված է խթանի ձևով, որի մեջ թաքնված է պսակի երկու թերթերից կազմված նեկտարակիր խթանը, պսակի մյուս երկու թերթերը կողքային են, 5-րդը չի զարգանում։ Որոշ տեսակների բոլոր 4 պսակաթերթերը միաձուլված են։ Պարկուկները 1-5-ն են։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։

Պտուղը տերևապտուղ է։ Սերմերը կնճռոտ են, թեփուկապատ։ Այս ցեղում ներընտանիքային էվոլյուցիան հասել է ոչ միայն զիգոմորֆային, այլ երբեմն և մասնակի ձուլապսակաթերթությանը։

Նշանակություն
Դեկորատիվ, մարգագետնային, մասամբ թունավոր բույսեր են։ Տեսակներից են դաշտային ոջլադեղը D. consolida։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. սերմերը պարունակում են ալկալոիդներ, ճարպեր, ծաղիկները՝ ներկանյութը (դեղին, կապույտ, մանուշակագույն)։ Պատրաստուկները կիրառվում են բրոնխային հեղձուկի, հազի և այլ հիվանդությունների, նաև միզակապության, դողէրոցքի բուժման, կարիճի խայթոցի ժամանակ։ Շատ տեսակներ թունավոր են։ Գեղազարդիչ (ծաղկաբուծության մեջ մշակվում են ոջլախոտի բազմաթիվ տեսակներ) է և մեղրատու։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում