Հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբը կուսումնասիրի «Ագարակի ՊՄԿ»-ի գործունեության հետևանքով Արաքս գետի հնարավոր աղտոտման հարցը
![](https://econews.am/disk/07-12-21/c41c07342215ead601fcb6b44c1d3766.jpg)
Ձևավորվել է հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբ՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության հետևանքով Արաքս գետի հնարավոր աղտոտման հարցի ուսումնասիրման նպատակով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազությունը՝ աշխատանքային խումբը ստեղծվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում:
Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են աշխատանքային խմբի հայկական կողմի անդամները ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի գլխավորությամբ և ԻԻՀ գլխավոր դատախազության բարձրագույն դատարանի դատախազի օգնական, գլխավոր դատախազության տեխնիկական և միջազգային համագործակցության վարչության պետ Սիամաք Սաիդ Ֆավայեդին, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են կոմբինատի գործունեության ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև դրանց՝ դեպի Արաքս գետ հոսքը կանխելու ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքները: Հանդիպմանը հաջորդել է այցելություն պոչամբարային հատված, տեղում ուսումնասիրվել է հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության մեջ օգտագործվող ջրերի շրջանառության համար նոր շահագործման հանձնված փակ համակարգի գործունեությունը: Այցելության ընթացքում աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է, որ կոմբինատը կատարել է ջրերի շրջանառության փակ համակարգի ներդրման պարտավորությունը, կոմբինատի գործունեության հետևանքով գետի աղտոտման, կեղտաջրերի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել:
Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և իրականացնել հնարավոր բոլոր միջոցառումները, այդ թվում՝ հետագայում ցանկացած պահի համապատասխան նմուշառումների միջոցով, տարածաշրջանում լեռնահարստացման գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Աշխատանքային խմբում հայկական կողմից ներգրավված են եղել և Մեղրիում կատարված աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-08-22/3639bc5f877a3013b950bd8ef05ca4bc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-08-22/e4060fac3eecfc54b3f98f013ee662ed.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/28-07-22/bb954f7e889df9af3cc53cd85b44fb50.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-07-22/6347730953f6a137d2c81079cb7f0b8e.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-07-22/f405dfc6ddc65170a4041550dbfa804f.jpg&w=300&h=200)