Մատնոցուկ. ՀՀ Բույսեր

Մատնոցուկ (լատ.՝ Digitális ), դիգիտալիս, մատնածաղիկ, պուճպուճա, խլածաղկազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի երբեմն՝ կիսաթփերի և թփերի ցեղ։։ Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 36) տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Կոճղարմատը կարճ է։ Ցողունն ամուր է, բարձրություն՝ 40-100 սմ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև, ամբողջաեզր, ջղավոր, առաջացնում են արմատամերձ վարդակ։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ զանգակաձև, ժանգադեղնավուն, դեղին կամ բաց գորշավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը ձվաձև, երկբուն տուփիկ է։ Սերմերը մանր են, դարչնագույն։ Ծաղկապատը հնգանդամ է, պսակը՝ երկշուրթ, հիշեցնում է մատնոցի (այստեղից էլ՝ անվանումը)։ Պտուղը տուփիկ է։ Տարածված է Հյուսիսային կիսագնդում (շուրջ 35 տեսակ, ԽՍՀՄ-ում՝ 6, ՀԽՍՀ-ում՝ 2)։

Հայաստանում
ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Մատնոցուկ ժանգոտ (D. ferruginea)
  • Մատնոցուկ ջղավոր (D. nervosa)։

Տարածում
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ճամփեզրերին և այլն։

Նշանակություն և կիրառում
Մատնոցուկի բոլոր տեսակներն էլ թունավոր են։ Սրտի մի շարք հիվանդությունների դեպքում օգտագործվում են մատնոցուկի որոշ տեսակների (խոշորածաղիկ մատնոցուկ, ժանգոտ մատնոցուկ, թունավոր մատնոցուկ և այլն) չորացած տերևները և դրանցից ստացվող պատրաստուկները (գիտալեն, դիգալեն, լանաոզիդ, դիգիցիլեն և այլն), որոնք կարգավորում են սրտի աշխատանքը, արագացնում միզազատությունը, իջեցնում այտուցները։ Մատնոցուկի պատրաստուկներն օգտագործվում են փոշիների, թուրմի, մզվածքի ձևով, բժշկի խիստ հսկողությամբ։ Մշակվում է նաև որպես դեկորատիվ բույս։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում