Կոճղասնկեր. ՀՀ Բույսեր

Կոճղասնկեր (լատ.՝ Armillaria), բազիդիավոր սնկերի որոշ տեսակներ, որոնք պատկանում են շարքասնկայինների (Tncholomataceae) և ստրոֆարիայինների (Strophariaceae) ընտանիքներին։ Ըստ ժամանակակից սիստեմատիկայի պատկանում են (լատ.՝ Physalacriaceae) ընտանիքին։

Կոճղասնկերը ՀՀ-ում
ՀՀ-ում տարածված են կոճղասունկ աշնանայինը, ձմեռայինը, ամառայինը, մարգագետնայինը կամ չփտուկը և կեղծ կոճղասունկ ծծմբադեղինը։ Բոլոր տեսակները, բացի չփտուկից, բնափայտը քայքայող սնկեր են, հանդիպում են ՀՀ անտառաշատ վայրերում՝ կենդանի կամ մահացած ծառերի բների, կոճղերի վրա՝ մեծ խմբերով։ Չփտուկն աճում է փռոցաշերտի վրա, հիմնականում՝ մարգագետիններում և անտառների բացատներում։

Կենսաբանական նկարագիր
Աշնանային կամ իսկական կոճղասնկի՝ մեղրասնկի (Armillaria mellea) գլխարկը (տրամագիծը՝2-13 սմ) սկզբում ուռուցիկ է, ապա՝ տափակ՝ գագաթին փոքրիկ թմբիկով, գորշավուն, կեղտոտ դեղնադարչնագույն, բարակ, մանր դարչնագույն թեփուկներով, որոնք հասունների մոտ անհետանում են։ Թիթեղները խիտ են, դեղնասպիտակ, հաճախ՝ գորշ բծերով, թեթևակի իջնում են ոտիկի վրա։ Երիտասարդ պտղամարմնի գլխարկի ստորին մասը պատված է սպիտակ թաղանթով։ Պտղամիսն սպիտակավուն է, փխրուն՝ փափուկ, հաճելի հոտով և տիպ, թթու համով։ Ոտիկը (երկարում է՝ մինչև 15 սմ, հաստանում է' 1-1,5 սմ) վերևում սպիտակ է, ներքևում՝ դարչնաշագանակագույն, հիմքի մոտ՝ մի փոքր լայնացած՝ մանր թելիկավոր թեփուկներով և սպիտակ թաղանթային օղակով։

Վնասակար ազդեցություններ և կիրառում
Վնասակար է։ Մոտ 200 բուսատեսակների մակաբույծ է. սնկամարմնի (միցելիում) մուգ գորշավուն ձգանները տարածվում են բնափայտի մեջ և քայքայում այն։ Բոլոր Կոճղասնկերը ուտելի են, բացի թունավոր կեղծ ծծմբադեղնից (Hypholoma fasciculare), որը տարբերվում է իր ծծմբադեղին, հետագայում՝ կանաչաձիթապտղագույն վառ գունավորված թիթեղներով և դառը համով։

Amarill07r.jpg

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում