Ճանճասպան. ՀՀ Բույսեր
Ճանճասպան (լատ.՝ Amanita), գլխարկավոր սնկերի ճանճասպանայինների ընտանիքի ցեղ։ Հայտնի է մոտ 50 տեսակ։
Հայաստանում
ՀՀ-ում՝ 11 տեսակ։ Առավել տարածված են դժգույն գարշասունկը (A. phalloides) և կարմիր ճանճասպանը (A. muscaria)։
Կենսաբանական նկարագիր
Դժգույն գարշասնկի գլխարկը (տրամագիծը՝ 5-10 սմ) ձիթապտղագույն է, կանաչավուն, մեջտեղում ավելի մուգ գունավորված, կիսագնդաձև, մետաքսանման, հարթ եզրերով։ Պըտղամիսը, թիթեղները և ոտիկը սպիտակ են։ Հասուն չորացած պտղամարմիններն ունեն տհաճ հոտ։ Ոտիկը (երկարանում է՝ 6-12 սմ, հաստանում է՝ 1,5-2 սմ) ունի սպիտակ թաղանթանման օղակ, հիմքի մոտ ուռուցիկ և ազատ է՝ պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով։ Արտաքինից նման է սովորական շամպինյոնին, կանաչ դառնամատիտեղին և շարքասունկ կանաչուկին, տարբերվում է սպիտակ թիթեղներով և պատյանի առկայությամբ։
Գործնական նշանակություն
Մահացու թունավոր սունկ է. թունավորման ախտանշաններն ի հայտ են գալիս օգտագործելուց 6-12, երբեմն՝ նույնիսկ 30 ժամ անց, երբ այլևս գործնականորեն հնարավոր չէ օգնել։ Կարմիր ճանճասպանը տարբերվում է վառ գունավորմամբ՝ նարնջակարմրից մինչև մուգ կարմիր, և գլխարկի վրա պահպանված ընդհանուր ծածկոցի մնացորդներով, որոնք լինում են սպիտակ գորտնուկների կամ լաթերի ձևով։ Թունավոր է, առաջացնում է զգայախաբություններ։