Յուղասնկեր. ՀՀ Բույսեր
Յուղասնկեր (լատ.՝ Suillus), բազիդիավոր սնկերի դասի բոլետայինների ընտանիքի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Գլխարկը (տրամագիծը՝ 3-12 սմ) մսալի է, սկզբում՝ կիսագնդաձև, ապա՝ ուռուցիկ, դեղնավուն կամ շեկ-շագանակագույև, հետագայում՝ գորշադեղին, մերկ, կպչուն, չորանալուց հետո՝ փայլուն։ Մաշկը հեշտությամբ առանձնանում է գլխարկից։ Պտղամիսը դեղին է, հաճելի համով և հոտով։ Խողովակները դեղին են կամ գորշադեղնավուն։ Ոտիկը (երկարությունը՝ 4-8 սմ, հաստությունը՝ 1-2 սմ) գլանաձև է, գլխարկի գույնի կամ ավելի բաց, հատիկավոր, առանց օղակի։
Կիրառում
Այս ցեղի տեսակները ուտելի համեղ սնկեր են։ Օգտագործում են թարմ, աղ և թթու դրած։
Տեսակներ
Հայտնի է մոտ 41, ՀՀ-ում՝ 8 տեսակ յուղասունկ, սովորական կամ դեղին (անգլերեն Suillus luteus), իծասունկ (անգլերեն Suillus bovinus) և այլն։ Հանդիպում են ՀՀ բոլոր մարզերի անտառաշատ վայրերում, հիմնականում՝ սոճուտներում՝ մայիսից մինչև նոյեմբեր (1000-2000 մ բարձրություններում)։ Բոլոր ներկայացուցիչները միկոռիզագոյացնող սնկեր են, համակեցության մեջ են մտնում սոճու հետ։