Վրձնասունկ. ՀՀ Բույսեր

Վրձնասունկ, պենիցիլիում (լատ.՝ Penicillium), անկատար սնկերի ցեղ։ Հայտնի է վրձնասունկի մոտ 250 տեսակ։

Տարածում
Տարածված հողում, տարբեր բուսական մնացորդներում (բորբոսի ձևով), ամենուրեք, բոլոր կլիմայական շրջաններում։

Հայաստանում
ՀՀ-ում՝ 125 տեսակ՝

  • Վրձնասունկ ալեխառն (Penicillium canescens),
  • Վրձնասունկ ոսկեգույն (Penicillium chrysogenum),
  • Վրձնասունկ ցիկլոպիում (Penicillium cyclopium),
  • Վրձնասունկ գարու (Penicillium hordei) և այլն։

Հանդիպում է բոլոր մարզերում։

Բնակվում է հողում, որտեղից տարածվում է զանազան հիմնանյութերի վրա։ Սնկամարմինն առաջացնում է թավշանման, թաղիքանման, ալրանման կամ հատիկավոր, կանաչ, կապտականաչ, դեղին, դեղնականաչավուն գաղութներ։

Կառուցվածք
Պտղամարմինը կլեյստոտեցիում է, կլորավուն, որտեղ անկանոն տեղադրված են պայուսակները։ Անսեռ բազմացումը կատարվում է կոնիդիումներով։ Կոնիդիակիրները բազմաբջիջ են, գագաթում՝ վրձնաձև ճյուղավորված, կրում են անգույն կամ թույլ գունավորված միաբջիջ կոնիղիումների շղթաներ։ Որոշ տեսակներին բնորոշ է նաև պայուսակավոր փուլը, որի ժամանակ առաջանում են մանր գնդաձև պտղամարմիններ (կլյեստոտեցիումներ)։ Սապրոտրոֆ են, կան նաև մակաբույծներ։

Բազմացում
Զարգացման ցիկլը անցնում է գլխավորապես անսեռ՝ կոնիդիալ փուլում, բայց որոշ տեսակներին հատուկ է նաև սեռական՝ պարկավոր փուլը։ Ունի բազմաբջիջ կոնիդիակիրներ, որոնք գագաթային մասում ճյուղավորվում են վրձնի նման (այստեղից՝ անվանումը), և որոնց վրա զարգանում են գունավորված միաբջիջ սպորների շղթաները։

Բացահայտման պատմություն
1879 թվականին Լիոնի երիտասարդ ռազմական բժիշկ Էրնեստ Դյուշեն «հայտնագործություն» արեց, նա ուսումնասիրելով բորբոսը հաստատեց, որ դա վրձնասունկն է։

Երիտասարդը իր հետազոտության արդյունքները ներկայացրեց դոկտորական թեզում, և համառորեն առաջարկում էր շարունակել փորձերը այս ոլորտում, բայց Փարիզի Պաստյորի համալսարանը չնդունեց փաստաթուղթը, որովհետև Դյուշեն դեռ 23 տարեկան էր։

Դյուշեն հանրաճանաչ դարձավ մահվանից հետո 1949 թվականին, դրանից 4 տարի անց Ալեքսանդր Ֆլեմինգը ստացավ Նոբելյան մրցանակ պենիցիլինի հակաբիոտիկ ազդեցության բացահայտման համար։

Նշանակություն
Վրձնասունկերը, քայքայելով օրգանական մնացորդները նպաստում են հողի բերրիության բարձրացմանը, կարևոր դեր են կատարում նյութերի շրջանառության մեջ։ Փչացնում են մթերքները, քայքայում մետաղյա, ապակե, թղթե իրերը, արվեստի ստեղծագործությունները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում