Աղվեսասնկեր. ՀՀ Բույսեր
Աղվեսասնկեր (լատ.՝ Cantharellus), աֆիլոֆորոմիցետների ընտանիքի սնկեր։
Ձևաբանություն
Գլխարկը (տրամագիծը՝ 3-11 սմ) դեղին է, դեղնաձվագույն, ուռուցիկ, տափակ կամ ձագարաձև, ալիքավոր, երբեմն՝ ոլորված բարակ եզրերով, մակերեսը՝ հարթ։ Ոտիկը (երկարությունը՝ 1-6 սմ, հաստ.՝ 0, 5-2 սմ) գլխարկի գույնի է, վերին մասում՝ լայնացած։ Պտղամիսն սպիտակ է, թույլ դեղնավուն, խիտ, հաճելի, ուժեղ սնկահոտով, գրեթե երբեք չի որդնում։ Թիթեղները հաստ են, նոսր, դեղին, ծալքերի տեսքով իջնում են ոտիկի վրա։ Միջին որակի ուտելի սունկ է։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած։
Տարածվածությունը Հայաստանում
ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ առավել տարածված է աղվեսասունկ իսկականը (C. cibarius)՝ Տավուշի, Լոռու մարզերի ասեղնատերև և սաղարթավոր անտառներում, հաճախ՝ մեծ խմբերով՝ հուլիս-հոկտեմբերին։ Աճում է ծառերի տակ փտած բնափայտի կոճղերի կամ հողի վրա, առաջացնում է միկոռիզ։