Խմորասնկեր. ՀՀ Բույսեր
Խմորասնկեր, բնորոշ միցելիում չունեցող սնկեր, որոնց վեգետատիվ մարմինը մեծ մասամբ միայնակ կամ բողբոջող բջիջներ են։ Հայտնի է մոտ 1500 տեսակ, որոնք պատկանում են պայուսակավոր (Ascomycetes), բազիդիավոր (Basidiomycetes) և անկատար (Deuteromycetes) սնկերին։
Բազմացում
Խմորասնկերը բազմանում են բողբոջման եղանակով։ Մայրական բջջի վրա առաջանում է արտափքում։ Մայրական բջջի կորիզը կիսվում է, և դուստր կորիզներից մեկն անցնում է առաջացած արտափքման մեջ։ Արտափքումը մեծանում է և հասնելով մայրական բջջի չափերին, անջատվում նրանից, հանդես գալով որպես առանձին բջիջ։ Երբեմն մնում է մայրական բջջի հետ, առաջացնելով ճյուղավորված շղթաներ։ Վերջիններիս մոտ սեռական սպորատվությունը հայտնաբերված չէ, և դրանց անվանում են խմորասնկանման սնկեր կամ ասպորոգեն խմորիչներ, օրինակ՝ կաևդիդա (Candida) ցեղը։ Հիմնականում խմորասնկերը ներկայացված են պայուսակավոր սնկերի էնդոմիցետայինների (Endomycetales) կարգով, որոնց վեգետատիվ մարմինը օվալաձև է կամ ձվաձև։ Խմորասնկերը բազմանում են բողբոջմամբ, մասամբ՝ կիսմամբ։ Եթե բողբոջման ժամանակ բջիջները չեն անջատվում միմյանցից, ապա ձևավորում են կեղծ միցելիումներ։ Սեռական պրոցեսի ժամանակ տեղի է ունենում երկու բջիջների պարունակության միաձուլում, և զարգանում են պայուսակները՝ պայուսակասպորներով։
Նյութափոխանակություն
Խմորասնկերը բավականին պահանջկոտ են սնման պայմաններում։ Անարէոբ պայմաններում կարող են, որպես էներգիայի աղբյուր օգտագործել ածխաջրերը, այն էլ հեքսոզներ և նրանցից կազմված օլիգոսախարիդներ։ Որոշ տեսակներ (Pichia stipitis, Pachysolen tannophilus, Phaffia rhodozyma) վերցնում են պետնոզներից, օրինակ, կիսլոզ։Schwanniomyces occidentalis և Saccharomycopsis fibuliger խմորասնկերը կարող են առաջացնել օսլայի խմորում, Kluyveromyces fragilis - ինուլին[3]։ Աէրոբ պայմաններում մի շարք տեսակներ մարսվում են սուբստրատում. բացի դա ածխաջրածնում պարունակվում են նաև ճարպեր, ածխաջրածիններ, արոմատիկ և ածխածնային միացություններ, սպիրտներ, օրգանական թթուներ։
Կիրառական նշանակություն
Գործնական նշանակություն ունեն սախարոմիցետայինները (Saccharomycetaceae), որոնք տարածված են շաքարով հարուստ բազմազան հիմնանյութերի՝ մրգերի, ծաղիկների նեկտարի, ծառերի խեժի վրա։ Նրանք անջատվում են հողից, սննդամթերքից, նավթից։ Կան բույսերի, կենդանիների և մարդու համար ախտածին տեսակներ։ Հարուցում են բլաստոմիկոզներ, կանդիդոզներ։ Հաճախ ուղեկցում են առաջնային հիվանդություններին։ Խմորասնկերը առաջացնում են սպիրտային խմորում։ Գործնական կիրառություն ունեն հացաթխման խմորասնկերը (Saccharomyces cerevisiae), որոնց աճեցվող տարատեսակներն օգտագործում են հացաթխման, գինեգործության, գարեջրի արտադրության մեջ։ Խմորասնկերը պարունակում են սպիտակուց, ածխաջրեր, հարուստ են B խմբի վիտամիններով։ Դրանք կերային սպիտակուցի, սպիտակուցավիտամինային խտանյութերի, ֆերմենտների հիմնական սինթեզողներն են։