Պայուսակավոր սնկեր. ՀՀ Բույսեր

Պայուսակավոր սնկեր (լատ.՝ Ascomycota) կամ ասկոմիցետներ (հուն.՝ ἀσκός - պայուսակ), բարձրակարգ սնկերի դաս։ Վեգետատիվ մարմինը ներկայացված է ճյուղավորված բազմաբջիջ, հապլոիդ միցելիումեվ։ Կան ներկայացուցիչներ, որոնց թալոմը ներկայացված է կեղծ միցելիում առաջացնեղ միայնակ բողբոջող բջիջներից (խմորասնկեր):

Բջջաթաղանթը պարունակում է խիտին և գլյուկաններ։

Հայտնի է ավելի քան 30 հազար ՀՀ-ում՝ մոտ 800 տեսակ։ Պայուսակավոր սնկերի հիմնական հատկանիշը բազմացման յուրահատուկ օրգանների՝ պայուսակների առկայությունն է։ Տարածված են ամենուրեք։

Բնակվում են հողի և տարբեր օրգանական հիմնանյութերի վրա, մասնակցում բուսական և կենդանական մնացորդների քայքայմանը, սննդամթերքների, արդյունաբերական տարբեր նյութերի, սարքերի վրա առաջացնում են բորբոս։

Կան մակաբույծ տեսակներ, որոնք բույսերի, կենդանիների և մարդու վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ են։

Որոշ տեսակներից ստանում են հակաբիոտիկներ, վիտամիններ, ալկալոիդներ, սպիտակուցներ և այլն։ Կան նաև ուտելի (մորխ, մորկեղ և այլն) տեսակներ։

Բազմացում և կենսական ցիկլ
Բազմանում են անսեռ և սեռական եղանակով։

Անսեռ բազմացում
Անսեռ բազմացումը կատարվում է կոնիդիակիրների վրա զարգացող էկզոգեն (արտաքին) սպորներով՝ կոնիդիումներով։ Կոնիդիակիրները կարող են առաջացնել տարբեր խմբավորումներ (կորեմիումներ, բարձիկներ, պիկնիդիումներ): Վերջիներս ունեն կարգաբանական նշանակություն։

Սեռական բազմացում
Սեռական բազմացումը գամետանգիոգամիա է, որի ժամանակ միաձուլվում են գամետների չդիֆերենցված երկու մասնագիտացված սեռական կառուցվածքների (գամետանգիումներ) պարունակությունները։ Անթերիդիումի պարունակությունը անցնում է ասկոգենի (լատ.՝ ascos - պայուսակ և լատ.՝ gones - ծնունդ) մեջ, որտեղ տեղի է ունենում պլազմոգամիա:

Արական և իգական բջիջները դասավորվում են զույգերով՝ դիկարիոննեևով (լատ.՝ dio - երկու, լատ.՝ caryon - կորիզ): Ասկոգենից առաջանում են ասկոգեն հիֆեր, որոնք միջնապատերով մասնատվում են երկկորիզ բջիջների։

Սեռական բազմացումը ավարտվում է ասկոգեն հիֆերի գագաթնային բջջից պայուսակների ձևավորմամբ։ Որոնք միաբջիջ են և պարունակում են որոշակի քանակությամբ պայուսակասպորներ։

Պայուսակավոր սնկերի գերակշռող մեծամասնության մոտ սեռական և անսեռ բազմացման փուլերը կենսական ցիկլի որոշակի փուլեր են։ Կոնիդիալ սպորատվության հապլոիդ փուլին հաջորդում է սեռական պրոցեսը, որի ժամանակ դիտվում է դիկարիոնային փուլը՝ պլազոգամիայից մինչև կարիոգամիա։ Որոնք տեղի են ունենում ձևավոևվող պայուսակներում։ Դիպլոիդ փուլը կարճատև է՝ կարիոգամիայից մինչև մեյոզը և ասկոսպորների ձևավորումը։

Դասի պարզագույն ներկայացուցիչների պայուսակները առաջանում են անմիջապես միցելիումի վրա, իսկ առավել զարգացած տեսակների մոտ հատուկ զետեղարաններում՝ պտղամարմիններում։ Պտղամարմինների առկայությունը կամ բացակայությունը ունի կարևոր կարգաբանական նշանակություն։

Տարբերում են պտղամարմինների հետևյալ տեսակները.

  • Կլեյստոտեցիում՝ կլորավուն, փակ պտղամարմին է, անկանոն կամ փնջով դասավորված պայուսակներով։ Պայուսակասպորները դուրս են գալիս պերիդիումի (պտղամարմնի թաղանթ) պատռվելուց հետո,
  • Պերիտեցիում՝ սափորանման է, օժտված է անցքով, որը ծառայում է պտղամարմնի կենտրոնում փնջով առաջացած պայուսակների դուրս գալու համար,
  • Ապոտեցիում՝ թասաձև բաց պտղամարմին է, որում պայուսակները դասավորված են համատարած շերտով։

Մակաբույծ ասկոմիցետների կոնիդիալ սպորատվությունը սովորաբար զարգանում է կենդանի բույսի վրա վեգետացիայի շրջանում և ծառայում է նրանց տարածման համար, իսկ պայուսակավոր սպարտվությունը՝ բույսի վեգետացիոն շրջանի ավարտվելուց կամ ձմեռելուց հետո։

Տարածում

Մակաբույծ պայուսակավոր սունկ
Պայուսակավոր սնկերի ներկայացուցիչները լայն տարածում ունեն աշխարհագրական բոլոր գոտիներում։ Որպես սապրոտրոֆ օրգանիզմներ բնակվում են հողում, տարբեր բուսական սուբստրատներ վրա, ակտիվ մասնակցում օրգանական միացությունների քայքայման գործին։

 

Բնության մեջ և մարդու կյանքում
Որոշ տեսակներ հայտնի են որպես արդյունաբերական ապրանքների կենսավնասում հարուցողներ։

Բազմաթիվ պայուսակավոր սնկեր մակաբուծում են բարձրակարգ բույսերի, սնկերի, ջրիմուռների, կենդանիների և մարդկանց վրա։ Դրանք առաջացնում են մշակովի բույսերի, կենդանիների և մարդու ծանր հիվանդություններ։ Մի շարք ներկայացուցիչներ հայտնի են որպես կենսաբանական ակտիվ նյութերի պրոդուցենտներ (հականեխիչներ, վիտամիններ, ֆերմենտներ, ալկոլոիդներ, սպիտակուցներև այլն):

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում