Ասպերգիլ. ՀՀ Բույսեր
Ասպերգիլ (լատ.՝ Aspergillus), անկատար սնկերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 170, ՀՀ-ում՝ մոտ 50 տեսակ։ Առավել հաճախ հայտնաբերվում են ասպերգիլ սեվ (A. niger), ասպերգիլ դեղին (A. flavus), ասպերգիլ ծխագույն (A. fumigatus), ասպերգիլ օքրայագույն (A. ochraceus), ասպերգիլ սպիտակավուն (A. candidus) տեսակները, որոնք բնակվում են հողում, այնտեղից տարածվում միջավայրի տարբեր հիմնանյութերի վրա։
Արտաքին կառուցվածք
Վեգետատիվ մարմինը լավ զարգացած, ճյուղավորված միջնապատերով, հապլոիդ, բազմակորիզ բջիջներից կազմված միցելիում է, իսկ խմորասնկանման սնկերի տեսակների մոտ բողբոջող բջիջներ են։
Անսեռ բազմացում
Դեյտերոմիցետների անսեռ բազմացման ժամանակ առաջանում են կոնիդիակիր թելիկներ՝ կոնիդիումներով։ Միայնակ փնջերով կամ խիտ խրձերով (կորեմիումներ) դասավորված կոնիդիակիրները բնորոշ են հիֆոմիցետներին։ Ցելոմիցետների մոտ կոնիդիակիրները ձևավորվում են պտղամարմիններում՝ բարձիկներում կամ պիկնիդիումներում։ Որոշների մոտ սպորատվությունը լրիվ բացակայում է, և միցելիումն անպտուղ է։
Տարածում
Տարածված են բնության մեջ։ Հանդիպում են բոլոր էկոլոգիական միջավայրերում։ Շատերը վայրի և մշակովի բույսերի մակաբույծներ են (ֆուզարիում, ցերկոսպորա, վերտիցիլիում և այլ ցեղերի տեսակներ)՝ առաջացնելով դրանց բծավորություն, թառամում և այլ հիվանդություններ։ Սապրոտրոֆ տեսակները մասնակցում են օրգանական մնացորդների քայքայմանը և հողառաջացմանը։
Անկատար սնկերն առաջացնում են սննդամթերքի բորբոսնում և փտում, արտադրական նյութերի և արտադրանքի քայքայում, մարդկանց և կենդանիների մաշկի սնկային հիվանդություններ, խորը սնկախտեր և ալերգիա։ Որոշ հողային տեսակներ գիշատիչներ են։ Շատերը սինթեզում են կեևսբանական ակտիվ նյութեր՝ ֆերմենտներ, հակաբիոտիկներ, օրգանական թթուներ, սնկային թույներ։