Ականջասնկեր. ՀՀ Բույսեր
Ականջասնկեր (լատ.՝ Pleurotus), կախասնկեր, բազիդիավոր սնկերի ցեղ։ ՀՀ-ում հայտնի է 8 տեսակ, առավել տարածված է ականջասունկ սովորականը (P. ostreatus)։ Հանդիպում է բոլոր մարզերում։ Աճում է խառը և սաղարթավոր անտառներում, կոճղերի կամ ծառերի բների վրա՝ կղմինդրաձև դասավորված մեծ խմբերով (ողջ տարին)։
Ձևաբանություն
Գլխարկը (տրամագիծը՝ 5-30 սմ) խոշոր է՝ ականջանման, լայն ձագարաձև, ներծալված եզրերով, հարթ, խոնավ, սպիտակավուն, մոխրագույն կամ գորշ մակերեսով։ Ոտիկը գլանաձև է, երբեմն բացակայում է, ծածկված մազմզուկներով։ Պտղամիսը սպիտակ է, մսալի, թիթեղները՝ լայն, խիտ, սպիտակ, հետագայում՝ մոխրագույն։ Ուտելի է, ունի հաճելի հոտ համ։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած։ Ունի արդյունաբերական նշանակություն, աճեցվում է արհեստականորեն։