Սովորական պղնձօձ. ՀՀ Կենդանական աշխարհը
Սովորական պղնձօձ (Coronella austriaca), սովորական պսակաօձ, ավստրիական պսակաօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի պսակաօձերի կամ պզնձօձերի Coronella ցեղի օձ։
ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզի լեռներում։ Տարածված է կիսախոնավ և խոնավ լեռնատափաստանային, թփուտային ու խոնավասեր նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում, գետամերձ անտառուտներում, այգիներում։
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (13-70 սմ), պոչը 4-6 անգամ կարճ է։ Էգը խոշոր է արուից։ Մարմինը բարեկազմ է։ Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ կարմրավուն, բիբը՝ կլոր։ Քթանցքից դեպի քունքային հատվածը՝ աչքերի վրայով դեպի հետ, ձգվում է բարակ մուգ զոլեր։ Մարմնի թեփուկները հարթ են ու փայլուն։ Մոխրագույն, գորշավուն կամ կարմրավունից պղնձագույն ընդհանուր գունավորմամբ մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչի ծայրը, անցնում է մանր բծերից կազմված 2-4 շարք։ Որովայնային մակերեսը նարնջագույն է, մոխրագույն կամ գրեթե սև՝ բազմաթիվ սև կետիկների խտության հետևանքով։ Սև գունավորում ունեն նաև ներքին ծնոտի վահանիկների մի մասը։
Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչունների ձագեր և մանր կրծողներ)։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգը ծնում է 2-15 ձագ։