Սպիտակափոր ոզնի. ՀՀ Կենդանական աշխարհը
Սպիտակափոր ոզնի (լատ.՝ Erinaceus concolor) կամ Արևելաեվրոպական ոզնի, միջատակերների կարգի ոզնիների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Տարածված է անտառային, տափաստանային և կիսաանապատային գոտիներում։ Ապրում է բացատներում, պուրակներում, այգիներում, գետահովիտներում, որտեղ կան թփուտներ, մրգատու ծառեր։ Հիմնականում վարում է գիշերային կյանք։ Ցերեկները թաքնվում է բնում, որը պատրաստում է ծառերի, խիտ մացառուտների, թափված տերևների տակ, փչակներում, այլ կենդանիների լքված բներում։
Կառուցվածքը
Մարմնի երկարությունը 24-28 սմ է, պոչինը՝ 2,5-4 սմ, ականջինը՝ 0,25-0,34 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,կգ։ Մարմնի մեծ մասը ծածկված է սրածայր փշերով, որովայնը՝ փափուկ սպիտակավուն մազերով։ Գլխի վերին մասում՝ ականջների միջև, ունի փոքրիկ, անմազ տարածություն։ Սնվում է միջատներով, որդերով, խխունջներով, մողեսներով, օձերով, մանր կրծողներով, երբեմն՝ թռչունների ձագերով ու ձվերով, պտուղնորով ու հատապտուղներով։ Ձմեռային քուն է մտնում նոյեմբերից ապրիլ։ Ունի լավ զարգացած հոտառություն։ Բազմանում է ապրիլից ամռան կեսը։ Հղիությունը տևում է 7 շաբաթ։ Ամռան կեսերին ունենում է 4-8 ձագ, որոնց մինչև ուշ աշուն կերակրում է մայրը, ապա ձագերը հեռանում են։ Սեռահասուն են դառնում հաջորդ տարվա գարնանը։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին, կրծողներին։
