Երիտասարդը միանշանակ որսորդ չէ. Փորձառու որսորդները՝ «ամենակերի» լուսանկարների մասին

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից հրապարակված «տարօրինակ» նախասիրություններով 25-ամյա երիտասարդի մասին հրապարակումը դեռ ուսումնասիրվում է ոստիկանության կողմից: Այս մասին մեզ հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից: 

Հիշեցնենք, որ 25-ամյա Խորեն Գրիգորյանն առանձնահատուկ դաժանությամբ է վարվում կենդանիների հետ, ուտում ցանկացած տեսակի կենդանի և այդ մասին հրապարակավ հայտնում սոցիալական ցանցերում: 

Այս դեպքի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց նաև որսորդ, ձկնորս Հարութ Մալխասյանի հետ: Մեր հարցադրմանը, թե արդյո՞ք նման դեպքերի «հերոսներին» կարելի է անվանել որսորդ և ինչպիսին է նման դեպքերի հանդեպ փորձառու որսորդների վերաբերմունքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման դեպքերի «հերոսները», իհարկե, որսորդ չեն: Որսորդների վերաբերմունքը, մեղմ ասած, բացասական է: Կոնկրետ այս դեպքի հետ կապված լուսանկարներից մի քանի հետևություն կարելի է անել. նախ, այդ երիտասարդը միանշանակ որսորդ չէ, չլիցենզավորված կենդանիների է որսացել ու դրսևորել է անհարգալից վերաբերմունք կենդանու նկատմամբ: Իսկական որսորդը խիստ հետևում է բոլոր կանոններին ու կա տարրական հարգանք որսի նկատմամբ` չտանջել ու արդեն անշունչ կենդանուն ձեռք չառնել»:

Վերջինս նաև հավելեց, որ որսորդների մի մեծ մասը նաև ձկնորս են ու սեզոնից դուրս ոչ միայն որս չեն անում, այլև հետևում են, որ անօրինական որս չլինի: «Այդպիսի դեպքեր գրանցելուց հետո էլ դիմում են համապատասխան մարմիններին: Ինքս ճանաչում եմ որսորդների, ովքեր որսից դուրս եղանակային վատ պայմաններում (օրինակ՝ երբ ձյան ծածկույթը շատ է ու կենդանիները հնարավորություն չունեն սնվելու) ոտքով մեծ ճանապարհ են անցնում ցորենի պարկերով ու կերակրում են կենդանիներին»,- եզրափակեց նա:

Նշենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի և «Love Animals Hate Hunters» համագործակցության արդյունքում հրապարակված նյութը մեծ իրարանցում է առաջացրել բնասեր հասարակության շրջանում: Բազմաթիվ կենդանապաշտպաններ, ակտիվ քաղաքացիներ արդեն նախաձեռնություն են սկսել նման դեպքերի վերացմանն ուղղված:

Հավելենք նաև, որ մեր տեղեկությունների համաձայն 25-ամյա Խորեն Գրիգորյանը ընդհանրապես չունի որսորդական և զենքի կրման, կիրառման թույլտվություն: Դեպքի մանրամասները կհայտնենք շուտով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում