Սպիտակապոչ արծիվ. ՀՀ Կենդանական աշխարհը
Սպիտակապոչ արծիվ (լատ.՝ Haliaeetus albicilla), ճուռակների ընտանիքի թռչուն։ Կլոր տարի չվահյուր է, հազվագյուտ։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 70-90 սմ է, թևերի բացվածքը՝ 200-240 սմ, կենդանի զանգվածը՝ 3-6,5 կգ։ Խոշոր գիշատիչ թռչուն է՝ լայն թևերով։ Մարմինը դարչնագույն է, թափահարող փետուրները՝ սևավուն-դարչնագույն, կտուցը հզոր է, պոչը՝ կարճ, ծայրը՝ բութ, սպիտակ։ Թռչելիս գլուխն ու պոչը մարմնի համեմատությամբ հավասարաչափ դուրս են ցցվում։ Հասուն թռչնի պոչը սպիտակ է, գլուխը, վիզը, կուրծքը և մեջքի վերին մասը՝ բաց դարչնագույն, կտուցը և մոմաքթարմատը՝ դեղին։ Երիտասարդի փետրածածկը (նաև պոչը) ավելի մուգ է։
Կենսակերպ
Բնակվում է ծառերին մոտ բաց ջրային տարածություններում, Սևանա լճում, ձկնաբուծական ավազաններում, գետահովիտներում, ջրածածկ հարթավայրերում։ Սնվում է առավելապես ձկներով և այլ ողնաշարավորներով, լեշերով։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
