Մոխրագույն շամփրուկ. ՀՀ Կենդանական աշխարհը
Մոխրագույն շամփրուկ (Lanius excubitor), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք
Մոխրագույն շամփրուկը շամփրուկներից ամենախոշորն է։ Գլխի վերին մասը, մեջքը և պոչի ծածկող փետուրները բաց մոխրագույն են, կտուցի հիմքից դեպի աչքը և ականջը տարածող լայն շերտը, թևերը և պոչը՝ սև, պոչի եզրային փետուրները և որովայնը՝ սպիտակ, թևերի վրա կան սպիտակ փետուրներ։ Երիտասարդ առանձնյակների մարմնի վերին մասը մուգ մոխրագույն է, իսկ ստորին մասը՝ թույլ արտահայտված ալիքավոր նախշով։ Քաշը՝ 60-75 գ, թևի երկարությունը՝ 110-132 մմ։
Կենսակերպ
ՀՀ-ում ձմեռող թռչուն է։ Աշնանը վերադառնում է հոկտեմբեր-նոյեմբերին, գարնանը չվում է փետրվար-մարտ ամիսներին։ Ձմեռում է հանրապետության հարավում, մասնավորապես Արարատյան հարթավայրում, Արագածոտնի, Վայքի և Զանգեզուրի ցածրադիր շրջաններում։ Հաճախ կարելի է տեսնել էլեկտրալարերին կամ ճանապարհամերձ ծառերի ճյուղերին նստած։
Սննդառություն
Սնվում է բզեզներով և մանր կրծողներով։
Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կանարյան կղզիներում, հյուսիսային Աֆրիկայում, Արաբիայում, Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում։
