Արաբ շեյխերն Ադրբեջանում կռունկի շատ հազվագյուտ տեսակ են սպանել (տեսանյութ)

Մերձավոր Արևելքի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի թռչնաբանական միությունը (OSME - the Ornithological Society of the Middle East, the Caucasus & Central Asia) հրապարակել է Ադրբեջանի տարածքում որսված հազվագյուտ և շատ խոցելի թռչնատեսակների լուսանկարներ։ Զուլֆու Ֆարաջլին գրում է․ «Ես կցանկանայի առաջին գրառումն իմ երկրի՝ Ադրբեջանի մասին լիներ բնապահպանության շուրջ գեղեցիկ նորություն, սակայն, ցավոք, ես ստիպված եմ լրիվ հակառակն անել»։ 

Վերջինս հայտնել է` հայտնաբերվել է, որ Ադրբեջանի տարբեր տարածքներում այժմ իրականացվում է հազվագյուտ և վտանգված թռչնատեսակների ապօրինի որս, որի հեղինակներն Արաբական թերակղզուց ժամանած բազեորսներն (falconer) են։ «Մեր հետաքննությունը ցույց է տվել, որ այս մարդիկ ժամանել են ավելի քան մեկ ամիս առաջ և այդ ընթացքում զբաղվել են որսորդության տարբեր ձևերով (բազեներով և հրազենով որս)»,- գրել է նա։ 

Որսված թռչունների շարքում կան արոսներ (IUCN չափանիշներով NT), սևափոր դռլոն և այլ վտանգված տեսակներ։ 

Որսի տեղանքներից մեկը

Ուշագրավ է, որ սպանված թռչունների լուսանկարներում, հավանաբար, կա նաև Մոխրագույն կռունկի չափազանց հազվագյուտ անդրկովկասյան ենթատեսակը /Grus grus archibaldi/։

Անդրկովկասյան մոխրագույն կռունկը չափազանց վտանգված տեսակ է ամբողջ աշխարհի մակարդակով։ Այն առաջին անգամ հայտնաբերվել և գիտականորեն նկարագրվել է Հայաստանում, իսկ այնուհետև՝ տարածաշրջանի մյուս երկրներում։

Լուսանկարը՝  Նիկա Բուդագաշվիլի, Վրաստան

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում թռչնաբան Ծովինար Հովհաննիսյանն ասել է․ «2008 թվականին Մամիկոն Ղասաբյանը և Վալենտին Իլյաշենկոն առաջին անգամ Հայաստանում նկարագրել են անդրկովկասյան մոխրագույն կռունկին, որն արտաքնապես ակնհայտորեն տարբերվում է այն տեսակից, որը լայնորեն տարածված է Եվրոպայում՝ մոխրագույն կռունկից։ Այժմ, Հայաստանում հանդիպում են երկու ենթատեսակներն էլ։ Ցավոք սրտի, նոր հայտնաբերված ենթատեսակը՝ անդրկովկասյան մոխրագույն կռունկը, շատ խոցելի և վտանգված վիճակում է և նրա պահպանությունը շատ–շատ կարևոր է ամբողջ աշխարհի համար։

Հայաստանում այն միայն հայտնաբերված է և բնադրում է Արփի լճի շրջակայքի լեռնատափաստանային հատվածում, սակայն բնադրում է նաև Թուրքիայում, Վրաստանում։ Թուրքիայում բնադրում է անատոլիական բարձրավանդակի հատվածում՝ Արևմտյան Հայաստանում, իսկ Վրաստանում հայտնաբերվել է Լոռվա սարահարթ կոչվող տարածքում։ Կարծես թե, ցավալիորեն, առանձնյակը, որը որսվել է արաբ բազեորսների կողմից եղել է առաջին գրանցման դեպքը նաև Ադրբեջանում։ 

Լուսանկարը՝ ASPB

«Եթե դա ճիշտ լինի, ապա իրականում առաջին հաստատված դեպքը կլինի երկրի համար»,- գրել է Զուլֆու Ֆարաջլին՝ շարունակելով, որ երկրի Բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարությունը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապօրինի որսը կանխելու համար։ Այս դեպքը մեծ սպառնալիք է ինչպես թռչունների, կենսաբազմազանության, այնպես էլ OSME տարածաշրջանում բնակվող մարդկանց համար։ 

Ադրբեջանական «Ecofront» ՀԿ–ն գրել է․ «Այս լուսանկարի տղամարդկանցից մեկը Շեյխ Զայեդ իբն Մուհամեդ իբն Բուտի ալ-Համիդն է և նրա եղբայր Սայիֆը։ Նրանց եղբայր Աբդուլան Աբու Դաբիի դեսպանատան պաշտոնյա է։ Մարդը, որը հավանել և մեկնաբանել է լուսանկարը՝ շեյխ Արահմահ ալ-Քասիմին է՝ Ռաս ալ-Խայմայի Էմիրության արքայազներից մեկը»,- վերջում հարց բարձրաձայնելով,- «Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ Բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարությունը կտուգանի նրանց»։

Ծովինար Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ Հայաստանում կռունկները նույնպես որսագողության զոհեր են դարձել և կանգնած են անհետացման խնդրի առաջ։ Նախկինում տարածված է եղել նաև նրանց ձվերի հավաքը, իսկ այժմ անհանգստացնող գործոնների առկայությունը և որսագողությունը հիմնական պատճառներն են, ինչի հետևանքով Հայաստանից կարող է իսպառ վերանալ կռունկը որպես բնադրող տեսակ։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում