«Կյանքումս առաջին անգամ սպանել եմ». կին «որսագողի» հպարտությունը (ֆոտո)

Օրերս համացանցում հրապարակվեցին որսագողության դեպքի մասին վկայող լուսանկարներ: Այս անգամ, լուսանկարներում, հավանաբար, ապօրինի որսված թռչուն է, սակայն առավել ուշագրավ է անձը, որն իրականացրել է գործողությունը և դրան հաջորդող իրադարձությունները: 

Բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ լուսանկարները համացանց են բեռնվել 2020թ.-ի մարտի 28-29-ին Մոնիկա Մանուկյան օգտատիրոջ կողմից: «Այժմ, գլխավորի մասին: Ես սպանել եմ թռչնի: Կյանքումս առաջին անգամ կրակել եմ թռչնի: Կրակել սովորացրել է ամուսինս, ես խելացի աշակերտ եմ»,- մեկնաբանել է սպանված թռչնի դիակի հետ հպարտորեն լուսանկարված երիտասարդ աղջիկը: 

Լուսանկարներում երևում է նաև որսորդական հրազենը, մեքենայի պետհամարանիշները: Այս լուսանկարները դարձել են բազմաթիվ կենդանասերների և մտահոգ քաղաքացիների բողոքի առիթ: 

Մոնիկա Մանուկյանը գրել է, որ ինքն է սպանել թռչնին, սակայն մեկ այլ հրապարակային հայտարարությամբ վերջինիս ամուսինը՝ Ռաֆայել Մխիթարյանը հնչեցրել է սպառնալիքներ՝ գրելով. «Լսի այ դինգո կարողա լավ չես էս նյութդ ջնջի քանի ուրիշ բան չեմ արել էտ թռչունը ես եմ կրակել, որովհետև ինձ վնաս ա հասցնում տնկածս մալյոկները ուտում ա»:

Թե իրականում ինչ հանգամանքներում է սպանվել թռչունը հուսով ենք կպարզեն իրավապահ մարմինները: 

Նշենք, որ լուսանկարներում սպանված թռչունը մոխրագույն տառեղ (Ardea cinerea) է, որը չի հանդիսանում որսատեսակ, ուստի վերջինիս որսը թույլատրված չէ: Մոխրագույն տառեղը տարածված է ամբողջ Եվրոպայում՝ բացի հյուսիսից: Հյուսիսային երկրներից ապրում է միայն Նորվեգիայում: Տարածված են Ամերիկայից մինչև Ճապոնիա, Հնդկաչին թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում, Միջագետքում, ինչպես նաև Հայաստանի տարածքում: Հայաստանում տարածված է բոլոր ջրամբարներում, լճերում և նույնիսկ խոշոր գետերում: Նախկինում բնադրել է նաև Հայաստանի Գիլլիի ճահճուտներում: Նախընտրում է ապրել ջրավազանների ճահճուտ հատվածներում, որտեղ կան եղեգնուտի խիտ մացառներ: Ներկայումս, որպես բնադրվող թռչնատեսակ, չափավոր քանակությամբ հանդիպում է Արարատյան հարթավայրի լճերի և ճահիճների եղեգնուտներում:

Որսի ոլորտում ստեղծված իրավիճակին անդրադարձել ենք բազմիցս։ Ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից կատարված ուսումնասիրության՝ ՀՀ որսի ոլորտի նկատմամբ ևս բացակայում է պատշաճ մակարդակի վերահսկողություն, իսկ որսորդական միասնական վկայական ստանալու կարգի ոչ լիարժեքության, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանվող որսորդական մինիմում հանձնելու պրակտիկայի ի սպառ բացակայության, մի շարք այլ ընթացակարգային խնդիրների հետևանքով ոլորտում ստեղծվել է քաոսային իրավիճակ, ինչի պատասխանատուն առաջին հերթին պետական լիազոր մարմինն է, որը գրեթե 10 տարի շարունակ պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորություններն ու պարտականությունները։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում