Սովորական գետաձի. ՀՀ Կենդանական աշխարհը
Սովորական գետաձի կամ Հիպոպոտամ, (լատ.՝ Hippopotamus amphibius) կենդանիների թագավորության, քորդավորների տիպի, կաթնասունների դասի, երկսմբակավորների կարգի և գետաձիերի ընտանիքի գետաձի։ Սովորական գետաձին խոշոր խոտակեր կենդանի է։ Մարմնի երկարությունը հասնում է 3-5,4 մ-ի, որից 35 սմ-ը պոչն է, բարձրությունը՝ մոտ 1,5 մ-ի, կենդանին կշռում է 1300-1500 կգ։
Այս խոշոր կաթնասունների բնորոշ առանձնահատկություններից մեկը այն է, որ նա վարում է հիմնականում ջրային կենսակերպ` օրվա մեծ մասը անցկացնելով ջրում։ Գետաձիերը ցամաքում լինում են շատ ավելի քիչ` երեկոյան մի քանի ժամ։ Սովորական գետաձիերը ապրում են հիմնականում քաղցրահամ ջրային պայմաններում, սակայն երբեմն կարող են ապրել նաև ծովի ջրերում:
Նկարագրություն
Սովորական գետաձիերը մեկն են ժամանակակից աշխարհի խոշորագույն ցամաքային կենդանիներից։ Նրանց քաշը գերազանցում է 4 տոննան։ Գետաձիերի այս տեսակին երբեմն համարում են երկրորդ ամենախոշոր ցամաքային կենդանիները (ամենախոշոր ցամաքային կենդանին Աֆրիկյան փիղն է), սակայն այդ ցուցանիշով նա մրցում է ռնգեղջյուրների հետ։ Նախկինում գետաձիերի ամենամոտ ցեղակիցները համարվել են խոզերը, սակայն այժմ գիտնականնները ապացուցել են, որ գետաձիերը ավելի մոտ են կետերին:
Ներկայումս գետաձիերի ամենատարածված տեսակը` սովորական գետաձիերը[9] ապրում են միայն Աֆրիկա մայրցամաքում, թեև հին ժամանակներում (օրինակ` անտիկ ժամանակաշրջան և Բրոնզե քարե դար) այս գետաձիերը լայնորեն տարածված են եղել Հյուսիսային Աֆրիկայում (ներկայիս Եգիպտոս, Մարոկկո, Ալժիր և Թունիս պետությունների տարածքում) և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։
Երբ 2006 թվականի տվյալներով Բնապահպանության Միջազգային Կազմակերպությունը հայտարարեց, որ այս գետաձիերը ունեն խոցելի կարգավիճակ և ամբողջ աշխարհում ապրում է մոտ 125-150 սովորական գետաձի։ Վերջին տարիներին նրանց թիվը կտրուկ նվազել է։ Հաճախ բնապահպանները պնդում են որ դա պայմանավորված է նրանով, որ Աֆրիկայի մի շարք անապահով և անօրեն երկրների բնապահպանները (օրինակ` Եթովպիա, Սոմալի, ԿԴՀ, Գանա, Բոտսվանա, Քենիա, Գաբոն, Կոտ դ'Իվուար, Ռուանդա և այլն) չեն կարողանում համապատասխան միջոցներ ձեռնարկել տվյալ երկրներում որսագողությունը կանխելու համար և գետաձիերը դառնում են որսագողության զոհ։
Սովորական գետաձիերը ներկայումս այդքան հետազոտված տեսակներ չեն։ Պատճառը այն է, որ կենդանիները ցամաքում հայտնվում են միայն գիշերային ժամերին։ Աֆրիկայում տարածված ամենահայտնի գետաձիերի տեսակը Սովորական գետաձիու ազգական Լիբերիական կամ թզուկ գետաձին է։ Այն համարվում է Աֆրիկայում ամենատարածված գետաձին (լատ.՝ Choeropsis liberiensis)։
Սովորական գետաձիերի միսը դեռևս վաղ ժամանակներից ծառայում է որպես աֆրիկացիների սնունդ։ 1950-1960-ականներին, Աֆրիկայի երկրների անկախացման գործընթացին զուգընթաց տեղի բնիկ աֆրիկացիները փորձեցին վարժեցնելով կենդանիներին վայրի սովորական գետաձիերից ստանալ ընտանի մսատու կենդանի։ Աֆրիկայի շատ ոչ զարգացած երկրներում (մասնավորապես Նիգերիա և Սոմալի) կենդանիների որսը արգելված չէ։
Գետաձիերը նաև կարևոր նշանակություն ունեն տարբեր երկրների մշակույթի և ազգային ինքնագիտակցության մեջ։ Հատկապես գետաձիերի կերպարը համարվում է մի շարք հնագույն երկրների (օրինակ` Հին Եգիպտոս) ազգային խորհրդանիշներից մեկը։
Վարք
Օրվա ընթացքում սովորական գետաձիերը ակտիվ լինում են հիմնականում գիշերային ժամերին, սակայն կենդանիները չեն համարվում խիստ գիշերային և գիշերային կենսակերպ վարող։ Այս կենդանիները սնվում են հիմնականում գետաբերանի մոտակայքում գտնվող բուսականությամբ և բազմաթիվ խոտաբույսերով։ Շատ հազվադեպ սնունդ հայթայթելու նպատակով այս կենդանիները ստիպված են տեղաշարժվել մոտ 3-3,2 կմ տարածք։
Սովորական գետաձիերը հիմնականում հանդիպում են խմբերով։ Յուրաքանչյուր խմբում հիմնականում հանդիպում են 25-30 գետաձիեր։ Գետաձիերի առաջնորդը հիմնականում էգ գետաձին է։ Էգի մահից հետո առաջնորդի կոչմանը արժանանալու համար մրցում են երկու արու գետաձիեր և այդ պայքարի արդյունքը լինում է մրցակից գետաձիերից մեկի մահը։ Պատճառը այն է, որ գետաձիերը հաճախ իրենց երկար ժանիքները օգտագործում են որպես զենք և միմյանց նկատմամբ անտանելի կատաղություն դրսևորում։ Հիմնականում հասուն արուների մաշկը պատված է լինում սպիներով, որոնք առաջանում են այդ կռիվների արդյունքում։
Տեսք և կառուցվածք
Արտաքին տեսք
Գետաձիու մարմինը երկարավուն է, մաշկը հաստ` գրեթե մերկ և գորշ, փայլուն գունավորումով։ Գլուխը մեծ է, դունչը՝ լայն, աչքերը համեմատաբար փոքր են, իսկ ականջները՝ կարճ։ Աչքերը տեղավորված են գլխի վերին մասում՝ թմբիկների վրա, ինչպես օրինակ գորտերինը կամ կոկորդիլոսներինը։ Սովորական գետաձիերի ռունգերը թմբիկավոր են։ Դուրս ցցված աչքերն ու քթանցքերը կենդանուն թույլ են տալիս տեսնել և շնչել ջրի մեջ գտնվելու ընթացքում։ Գետաձիու երախն առհելի է, իսկ ժանիքները 70 սմ երկարությամբ։ Հատկապես մեծ են ներքին ծնոտի ժանիքները, որով գետաձին ջրիմուռներ է հավաքում ջրերի ստորին հատվածից։
Սովորական գետաձիերը վարում են հիմնականում ջրային կենսակերպ` ազատորեն կարող են շնչել, տեսնել և լսել ջրի մեջ։ Ջրի տակ գտնվելու պահին ջրից դուրս գտնվում է միայն գետաձիու գլխի վերին մասը։ Սովորաբար երբ գետաձիերը քնած են ջրում` նրա գլխի վերին մասին հավաքվում են միջատներ և փոքրիկ թռչուններ։
Սովորական գետաձիերի դունչը շատ լայն է, իսկ առջևի մասը ծածկված է շատ կարճ վիբրիսներով (բեղիկներով)։ Ծնոտների լայնությունը կազմում է 60-70 սմ։ Բերանը շատ լայն է` կարող է բացել մինչև 150 աստիճանի չափսով։ Վերջույթներին գետաձիերը ունեն 4 մատներ, որոնցից յուրաքանչյուրը ավարտվում է նմանօրինակ սմբակներով։ Գետաձիու ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով։ Երբ գետաձիերը քայլում են հողի վրայով (հատկապես ճահճի մոտակա շրջաններում) հաճախ խորտակվում են ցեխերի մեջ։
Սեռական դիմորֆիզմ
Սեռական դիմորֆիզմը համեմատաբար թույլ է` վատ է արտահայտված։ Ի տարբերություն արուների` էգերը ավելի փոքր են, ավելի թեթև և թույլ։ Կան նաև խմբի ղեկավար էգեր, որոնք համեմատաբար ավելի փոքր են մյուսներից։ Բացի այդ, չափահաս արուների ատամները և ժանիքները շատ ավելի հզոր են և մեծ։ Արուները գլխի վրա ունեն ուռուցիկ հատված, որով տարբերակվում են էգերը արուներից` անգամ եթե ամբողջովին գտնվում են ջրի տակ։ Հեռավորության վրա շատ ավելի դժվար է տարբերակել արուներին և էգերին:
Չափսեր
Գետաձին մեկն է ժամանակակից ցամաքային ամենախոշոր կենդանիներից։ Հասուն արուների քաշը մոտ 1500 կգ է, էգերինը՝ 1300 կգ, սակայն որոշ արուների քաշը կարող է հասնել մինչև 2000 կգ։ Հայտնաբերված ամենածանր արուն կշռել է 2700 կգ, իսկ հասակը` 1.65 մետր։ Մարմնի երկարությունը եղել է 3-5,5 մետր, իսկ պոչի երկարությունը` 56 սմ։
Իր չափսերով գետաձին մրցակցում է Սպիտակ ռնգեղջյուրի հետ։ Ընդունված է ասել, որ Սովորական գետաձին ցամաքային երկրորդ ամենախոշոր կենդանին է Աֆրիկյան փղերից հետո:
Սովորական գետաձիու զանգվածը կախված է սեռից և տարիքից։ Մինչև 10 տարեկանը էգերը և արուները սովորաբար լինում են նույն չափսերի։ Նրանց քաշը հստակ ուսումնասիրվել է 1960-ականներին։ Այդ շրջանում ևս սկսեցին որոշել այս կենդանիների տարիքը։
Գետաձիու մաշկը
Սովորական գետաձիու մաշկի գունավորումը սովորաբար մոխրագույն կամ շագանակագույն է` վարդագույն թեթևակի երանգով։ Աչքերի շուրջը և ականջները գորշ վարդագույն են։ Թիկունքի մասը հիմնականում ունի ավելի մուգ գունավորում, իսկ հաճախ նաև ամբողջովին մոխրագույն։ Արուների մաշկը ծածկված է սպիերի խիտ ցանցով և քերծվածքներով։ Ամենաբարակ մաշկային շերտը գտնվում է պոչի շրջակայքում, այդ է պատճառը որ կենդանաբանական այգում հիվանդ գետաձիերին ներարկում են կատարում միայն պոչից։
Գետաձիերի մաշկը չափազանց հաստ է` հասնում է մինչև 4 սմ-ի։ Մարմնի վրա կա չնկատվող մազածածկույթ` մասնավորապես պոչի եզրերին։ Մազեր կան նաև ականջների ծայրերին։ Տարբեր գետաձիեր ունեն տարբեր չափի մազածածկույթ։ Մազեր լինում են կողերի և փորի վրա, սակայն դրանք դժվար է նկատել նույնիսկ շատ մոտիկից։
Ջրից դուրս գալուց անմիջապես հետո գետաձիու մաշկը իր մեջ է կլանում մարմնի վրա մնացած ջուրը։ Այդ գործընթացը սովորական գետաձիերի մոտ կատարվում է շատ ավելի արագ քան մյուս ցամաքային կենդանիների մոտ։
Քրտինքի մեջ խցուկները շատ քիչ են, սակայն գետաձիերը ունեն հատուկ խցուկներ, որոնք բնորոշ են միայն գետաձիերին։ Քրտինքի մեջ կա հատուկ նյութ, որը քրտինքին նմանեցնում է արյան:
Կառուցվածք
Գետաձիերի մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից: Գլուխը կազմված է դիմային և գանգային մասերից։ Երախը շրջապատված է փափուկ չերևացող շրթունքներով, որոնք ունեն լավ զարգացած ականջախեցիներ։
Մաշկը կազմված է երկու հիմնական մասերից` վերնամաշկից և բուն մաշկից: Մաշկի տակ է գտնվում ենթամաշկային ճարպային բջջանքը, որը սովորական գետաձիերի մոտ լավ չի զարգացած (ի տարբերություն ջրային կաթնասունների):
Սովորական գետաձիերի մազերը (ինչպես մյուս կաթնասունների մազերը) կազմված է եղջերային նյութից։ Գետաձիերի մազածածկույթը պարբերաբար փոփոխվում է։ Հազվադեպ լինում է այնպես, որ մազափոխանակության ժամանակ փոփոխվում է նաև մազերի գույնը:
Ունեն տարբեր տեսակի մաշկային գեղձեր` քրտնագեղձեր, կաթնագեղձեր և հոտ արձակող գեղձեր: Բացակայում են ճարպագեղձերը։ Մյուս գեղձերը ունեն պատնեշային (պաշտպանական), արեալը նշելու և հակառակ սեռով հրապուրվելու նշանակություն։ Քրտնագեղձերը կատարում են արտաթորության գործառույթը, որի արդյունքում օրգանիզմից դուրս են գալիս ավելորդ մնացորդները և աղերը:
Կմախք և ոսկրեր
Գետաձիերի և մյուս կաթնասունների կմախքը կազմված է գլխի, իրանի, վերջույթների և վերջույթային գոտիների բաժիններից։ Ողնաշարը կազմված է հինգ բաժիններից` պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային։ Կրծքի ողերին միացած են կողերը, որոնք առջևում կրծոսկրին միանալով ստեղծում են կրծքավանդակը։
Կրծքավանդակը կատարում է պաշտպանական գործառույթ` ապահովելով սրտի և թոքերի անվտանգությունը։ Ուսագոտին կազմված է հզոր ոսկրերից: Այն կազմված է երկու թիակներից և երկու անրակներից: Գետաձիերի առջևի վերջույթները շարժվում են միայն մեկ հարթությամբ` մարմնի առանցքին զուգահեռ։ Կոնքագոտին կազմված է երկու կոնքոսկրերից, որոնք սերտաճած են սրբոսկրերի հետ։
Գետաձիերի կոնքոսկրերը ունեն պարզագույն կառուցվածք և կազմված են երեք պարզագույն ոսկրերից` զստոսկր, նստոսկր և ցայլոսկր:
Մկաններ
Գետաձիերի մկանները ի տարբերություն մյուս կաթնասունների ավելի թույլ են զարգացած, սակայն լավ են զարգացած մեջքի, վերջույթների, դրանց գոտիների և ենթամաշկային մկանունքը։ Մասնագիտացված զարգացած մկաններից է դիմախաղի (միմիկայի) մկանները, որոնք մասնակցում են մաշկի և մազերի շարժմանը։
Օրգաններ և օրգան համակարգեր
Մարսողություն
Մարմնի խոռոչը բաղկացած է երկու մասերից` կրծքի և որովայնի խոռոչներից։ Գետաձիերի որովայնային խոռոչում տեղակայված են ստամոքսը, աղիները, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները և այլն։
Գետաձիերի և մյուս կաթնասունների մարսողական համակարգը սկսվում է նախաբերանային խոռոչով (բերանի նախադուռ): Բերանը շրջապատված է վերին և ստորին շարժուն շրթունքներով, որը գետաձիերի մոտ շատ թույլ է արտահայտված։
Բերանում սնունդը ենթարկվում է մշակման, որը կատարվում է երկու եղանակով` մեխանիկական և քիմիական։ Ունեն տարբերակված ատամներ` կտրիչներ, մասնագիտացված մեծ և փոքր սեղանատամներ և ժանիքներ։ Գետաձիերն ունեն հզոր, մկանոտ լեզու։
Բերանին հաջորդում է կլանը, կերակրափողը, ստամոքսը և աղիները: Ստամոքսում առկա են տարբեր տեսակի գեղձեր։ Դրանք հիմնականում մասնակցում են սննդի մարսմանը։ Բարակ և հաստ աղիների սահմանում գտնվում է բավականին լավ զարգացած կույր աղիքը, որը ևս մասնակցում է սննդի մարսմանը։
Շնչառական համակարգ
Գետաձիերի շնչառական համակարգի կառուցվածքը ևս նման է մյուս կաթնասուններին։ Գետաձիերի շնչառական համակարգը կազմված է հինգ բաժիններից` քթից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից: Բրոնխները փոքր ճյուղերի են բաժանվում, որոնք ավարտվում են թոքաբշտերով (ալվեոլներով):
Սովորական գետաձիերի կոկորդում գտնվում են երկու զույգ ձայնալարեր, որոնք մասնակցում են ձայնի առաջացմանը։ Գետաձիերը ձայների միջոցով կարողանում են կանխել իրենց վրա հարձակումը։
Արտազատական համակարգ
Գետաձիերի արտաթորության օրգանները զույգ երիկամներն են։ Դրանք տեղակայված են ողնաշարում: Երիկամների օգնությամբ արյան միջից դուրս են գալիս ոչ պիտանի սննդանյութերը և ջրի ավելցուկը։
Երիկամներում առաջացրած մեզը միզածորանների միջոցով անցնում է միզապարկ, իսկ հետո հեռացվում օրգանիզմից միզարձակող ուղղու օգնությամբ։ Կան նյութեր, որոնք օրգանիզմից հեռանում են քրտինքի միջոցով։
Նյարդային համակարգ
Կենտրոնական Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից: Գլխուղեղն իր հերթին բաժանված է հինգ բաժինների` առջևի, միջակա, միջին, երկարավուն ուղեղ և ուղեղիկ։ Զարգացած է առջևի ուղեղը` կեղևով։
Կեղևն առաջացնում է բազմաթիվ գալարներ և ակոսներ։ Գլխուղեղի բաժիններից ուղեղիկը վերահսկում է գետաձիու քայլքը և հավասարակշռությունը։ Գետաձիերն օժտված են լսողությամբ, տեսողությամբ և հոտառությամբ։ Հոտառության միջոցով նրանք կարող են ճանաչել իր ցեղակիցներին և հակառակորդներին (այդ թվում նաև տարբեր կենդանիների):
Ատամներ
Գետաձիերն ունեն 36 ատամ, այդ թվում` 2 ժանիք, 4 կտրիճ, 6 մեծ և նույնքան փոքր սեղանատամներ։ Էմալով ծածկված արտաքին շերտը ատամին հաղորդում է դեղին գույն։ Սովորական գետաձիերի ատամներն ունեն բացառիկ ամրություն և հզորություն։ Նրանց ժանիքները և կտրիճները շատ մեծ են և այդ իսկ պատճառով դրանք չեն կարող ծառայել սնունդը (խոտ, խոտաբույսեր) ծամելու համար։ Այդ ատամները նրանք օգտագործում են որպես զենք մյուս առանձնյակների դեմ կռվելու համար։
Առանձնահատուկ զարգացած են գետաձիերի ստորին ծնոտի ատամները։ Դրանք աչքի են ընկնում իրենց աննախադեպ սրությամբ։ Արուների ատամները շատ ավելի երկար և հզոր են, քան էգերինը։ Նրանք զարգացած արմատներ չունեն և աճում են ամբողջ կյանքի ընթացքում։ Ատամի քաշը սովորաբար հասնում է 3 կգ-ի։ Երբեմն հայտնի ամենախոշոր գետաձիու ատամը պահվում է Արևմտյան Եվրոպայում` Բելգիա պետության թանգարանում և ունի 64,5 սմ երկարություն: Վերին ծնոտում բացակայում են ժանիքները:
Կան բացառիկ դեպքեր երբ արու գետաձիերի ատամները հասնում են ավելի քան 1 մետրի, իսկ բարձրությունը` 122 սմ-ի։ Որպես կանոն, նման երկար ատամները հասնում են մյուս ծնոտին։ Այդպիսի երկար ատամը խոչընդոտում է կենդանու իշխանությանը, քանի որ այդպիսի գետաձիերի կյանքը շատ կարճ է տևում։ Փոքրիկ գետաձիու ատամների թիվը 32 է։ Մեծանալուն պես այն կարող է հասնել մինչև 40-ի։
Ծագում
Դասակարգում
Սովորական գետաձիներին առաջինը նկարագրել է Կարլ Լինեյը «Բնության սիստեմ» աշխատության մեջ` 1758 թվականին: Նա վերցրեց հռոմեացիների կողմից տրված գետաձիների անունը և նրա հիման վրա անվանեց կենդանու այժմյա անվանումը (լատ.՝ Hippopotamus):
Սովորական գետաձին Թզուկ գետաձիերի հետ միասին (թզուկ կամ լիբերիական գետաձիերը այժմ տարածված են միայն Արևմտյան Աֆրիկայում, իսկ նախկինում նաև Լիբերիայում) մտնում են գետաձիերի ընտանիքի մեջ։ Սովորական գետաձին պատկանում է Hippopotamus, իսկ լիբերիականը Choeropsis ցեղատեսակների մեջ։
Տեսակի էվոլյուցիա
Գետաձիերի էվոլյուցիան (զարգացումը) տրվել է ոչ բավարար կերպով։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ տասնամյակներ շարունակ այդ հարցին չի տրվել բավարար ուշադրություն։
Գետաձիերը երկրի վրա եղել են դեռևս 54 մլն տարի առաջ։ Նախկին գետաձին որոշ այլ հին սմբակավորների հետ եղել են երկրի վրա դեռ շատ ժամանակներ առաջ։ Թեևս հին գետաձիերը ունեն շատ նմանություններ նորօրյա սովորական գետաձիերի հետ։ Նախկին գետաձիերը ապրել են խիտ անձրևոտ անտառներում։ Առաջին ժամանակակից գետաձիերը հայտնվել են Աֆրիկայի արևմտյան մասում։
Նախկին գետաձիերի և այժմյա գետաձիերի քանակային տարբերությունը բավականին տարբեր են` նախկին գետաձիերը շատ անգամ ավելի շատ են քան այժմյա գետաձիերը։ Այդ գետաձիերը նախկինում տարածված են եղել ողջ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Այժմ հայտնի է սովորական գետաձիեր չորս տեսակ, իսկ նախկինում ընդամենը մեկը։
Մոտ մեկ միլիոն տարի առաջ ապրող գետաձիերի մնացորդներ պահվել են Եվրոպայի մի շարք երկրներում։ Նրա ոսկրերը պահվում են Գերմանիայում և Միջերկրական ծովի առափնյա կղզիներում` Կիպրոսում և Կրետեում: Գետաձիերի մնացորդներ տեղափոխվել են նաև Միացյալ Թագավորություն`Անգլիա:
Նմանություն այլ տեսակի կաթնասունների հետ
Երկար տարիներ շարունակ գիտնականները կարծում էին, որ գետաձիերի ամենամոտ ազգականները դրանք խոզերն են (լատ.՝ Suidae): Իրոք, գետաձիերը ունեն շատ ընդհանրություններ խոզերի հետ, սակայն վերջերս պարզվել է, որ գետաձիերի էվոլուցիայի գծերը բոլորովին նման չէ խոզերին: Հետևաբար գետաձիերը պետք է ունենան այնպիսի մոտ ազգական կենդանիներ, որոնք նման լինեն գետաձիերին նաև զարգացման ձևով:
1997 թվականին հրատարակված ամերիկյան գիտնականների տվյալների համաձայն գետաձիերի ամենամոտ ցեղակիցները դրանք կետանմաններն են (լատ.՝ Cetacea): 2007 թվականի ուսումնասիրությունները հաստատեցին կետանմանների և գետաձիերի ընդհանուր կապերը:
Գետաձիերի և կետանմանների նմանություններն են.
- Կետերը և գետաձիերը հիմնականում ապրում են քաղցրահամ ջրերում
- Գետաձիերը կետերի պես ունեն շատ քիչ քանակությամբ մազեր, սակայն երբեմն նաև չունեն
- Գետաձիերը և գետաձիերը չունեն ճարպագեղձեր
- Գետաձիերը կետերի պես կարող են արտաբերել ձայներ ջրի տակ
- Երկու առանձնյակներն էլ սովորաբար ծննդաբերում են ջրում և իրենց ձագերին կերակրում կաթով:
Բազմացում
Գետաձիերը մյուս կաթնասունների պես բաժանասեռ կենդանիներ են։ Նրանց մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արու գետաձին ունի զույգ սերմնարաններ, իսկ էգը` երկու ձվարան, ձվատարներ և արգանդ: Էգ գետաձիերի մոտ ձվատարները բացվում են արգանդի մեջ։ Գետաձիերի բեղմնավորումը ներքին է և կատարվում է զույգ ձվատարներում։
Այս առանձնյակների մոտ ձվաբջիջները գրեթե զուրկ են դեղնուցից։ Սաղմի զարգացումը տեղի է ունենում արգանդում։ Բեղմնավորված ձվաբջիջներից զարգանում է սաղմը։ Սաղմի զարգացումը կատարվում է ամիսների ընթացքում և վերջում նրա շուրջը առաջանում են բարակ թաղանթներ։ Աաղմը շրջապատող թաղանթները մի կողմով սերտաճում են արգանդի պատի հետ, և առաջանում է ընկերքը: Մոր և զարգացող ընկերքի միջև կապը առաջանում է ընկերքի միջոցով։ Մայր գետաձիու արյունատար անոթները շփվում են են պտղի հետ ընկերքի միջոցով։
Սաղմն ընկերքի հետ միացած է պորտալարի միջոցով։ Դրա միջով անցնում են արյունատար անոթներ։ Ընկերքի արյունատար մազանոթներով մոր օրգանիզմից սաղմին են անցնում թթվածին և սննդային նյութեր։ Գետաիերի ձագերը ծնվում են անօգնական։ Ծնվելուց հետո կաթնասուններն իրենց ծագերին կերակրում են կաթով, տաքացնում և պաշտպանում վտանգներից, ինչպես նաև սովորեցնում կեր հայթայթել։
Սովորական գետաձիերի սեռական համակարգը շատ ավելի վատ է զարգացած, քան օրինակ` ռնգեղջյուրներինը և փղերինը: Էգերը սեռահասուն են դառնում 7-ից 15 տարեկան հասակում։ Արուների հասունության միջին տարիքը հասնում է 7,5 տարուց մինչև 9 տարին։ Գետաձիերի զուգավորումը տեղի է ունենում տարվա ընթացքում երկու անգամ` փետրվար և օգոստոս ամիսներին։ Կենդանիների 63 %-ի մոտ բեղմնավորումը կաատարվում է հիմնականում անձրևոտ եղանակին։
Ըստ հիմնական աղբյուրների գետաիու հղիությունը տևում է 8 ամիս (240 օր): Որոշ այլ աղբյուրներ վկայում են, որ գետաձիերի հղիությունը տևում է 227-240 օր։ Գետաձիերի ծննդաբերումը կատարվում է հիմնականում ջրի մեջ, սակայն նրանք ունակ են ծննդաբերելու նաև ցամաքում։ Գետաձիու նորածին ձագը կշռում է 27-50 կգ, իսկ երբեմն նաև 40 կգ։ Մարմնի երկարությունը կազմում է մոտ 1 մետր, իսկ ուսերի բարձրությունը 50 սմ։
Մայրը մնում է ձագի մոտ 10 օր։ Ավելի քան 18 ամիս գետաձիու ձագը սնվում է մայրական կաթով, իսկ դրանից հետո փորձում սնունդ հայթայթել։
