Փոքր ջրածիծառ. Հայաստանի Կարմիր գիրք
Փոքր ջրածիծառը Ջրածիծառների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Հարավային և Միջին Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Կենտրոնական և Հարավային Ասիա, Ավստրալիա, Պոլինեզիա:
Տարածվածությունը Հայաստանում: Բնադրում է Արմավիրի և Արարատի մարզերում: Արարատի մարզում` Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում:
Ապրելավայրերը: Ջրավազաններին մոտ գտնվող աղուտները, աղային և կավային տեղամասերը:
Կենսաբանության առանձնահատկությունները: Գաղութային տեսակ է: Հայաստանում` չվող, հանդիպում է ապրիլ-մայիսից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր: Բնադրում է հողի վրա: Ձվադրումը` մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերը: Դնում են 1-3 ձու: Զարգացումը` 18-22 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրավայրերում հանդիպում են առանձին զույգերով կամ 4-6 զույգերից կազմված փոքր գաղութներով, հաճախ` կտցարների հետ խառը գաղութներում: Արարատյան հարթավայրի հարմար բիո տոպերում ամենուրեք հազվադեպ է:
Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ:
Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ցանկապատել բնադրավայրերը` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար: