Փոքր արոս. Հայաստանի Կարմիր գիրք
Փոքր արոսը Արոսների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); Ca(i); D1:
Տարածվածությունը: Տեղ–տեղ տարածված է Արևմտյան Եվրոպայում, բնակեցվում է Հարավային և Հարավարևելյան Եվրոպայում, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է միայն չուի շրջանում, հիմնականում հանրապետության արևմուտքում:
Ապրելավայրերը: Չուի շրջանում հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային տեղամասերում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով սովորաբար 3–4 ձու:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: 2008 թ –ի տվյալներով՝ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում են 17 առանձնյակներ:
Վտանգման հիմնական գործոնները: Փոքր արոսի թվաքանակի նվազեցման վրա չուի շրջանում բացասաբար է ազդում ապօրինի որսը:
Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Անհրաժեշտ է ուժեղացնել չուի շրջանում ապօրինի որսի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև մեծացնել տուգանքի չափը և կազմակերպել էկոլոգիական իրազեկության բարձրացման դասընթացներ: