Տափաստանային արծիվ. Հայաստանի Կարմիր գիրք

Տափաստանային արծիվը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Քիչ քանակությամբ հանդիպող, խոցելի տեսակ է, որը հանդիպում է Հայաստանում հիմնականում չուի ընթացքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU C2a(i); D1:

Տարածվածությունը: Հանդիպում է Արևելյան Եվրոպայից մինչև Արևելյան Ասիա, Հնդկաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է տափաստանային գոտում ինչպես չուի ժամանակ, այնպես էլ (ոչ սեռահասուն առանձնյակները) բնադրման շրջանում:

Ապրելավայրերը: Լեռնատափաստաններ, գյուղատնտեսական հողեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չի բազմանում: 2007 թ–ին, ըստ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի տվյալների, կենդանաբանական այգիներում եղել է 21 բազմացող զույգ, որոնցից ստացվել է 9 ձագ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հավաստի տեղեկությունները բացակայում են: Հայաստանում 1995 թ–ին չուի ընթացքում հաշվառվել են մոտ 764 առանձնյակներ: 2008 թ–ին, համաձայն Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի տվյալների, աշխարհում պահվել են մոտ 190 առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Չուի ժամանակ որսագողությունը` խրտվիլակներ պատրաստելու և իրացնելու նպատակով: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների ազդեցությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Անհրաժեշտ է միջոցները կենտրոնացնել տեղի բնակչության էկոլոգիական կրթության վրա: Ավելացնել տուգանքի չափը, որը նախատեսված է տափաստանային արծվի որսի և թռչունների առգրավման համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում