Փոքր ենթարծիվ. Հայաստանի Կարմիր գիրք
Փոքր ենթարծիվը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Գրանցված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՊՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացված է Կենտրոնական Եվրոպայում, հանդիպում է նաև Հարավարևելյան Եվրոպայում, Կովկասում և Հյուսիսային Իրանում:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում տարածված է համարյա ամենուրեք, բացառությամբ` անտառներից զուրկ արևմտյան և հարավարևմտյան շրջանների:
Ապրելավայրերը: Սաղարթավոր և խառը անտառներ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է անտառների ինչպես փոքր հատվածներում, այնպես էլ խոշոր զանգվածներում: Որսը կատարում է բաց տեղանքներում: Չուի ժամանակ հանդիպում է հանրապետության ամբողջ տարածքում` տարբեր լանդշաֆտային գոտիներում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ: Դնում են 2 ձու, սակայն հանիբալիզմի հետևանքով կենդանի է մնում միայն մեկ ձագը:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին Հայաստանում հաշվառվում են 48–52 զույգեր: Համաձայն 2008 թ –ի տվյալների՝ 2 առանձնյակներ պահվում են Երևանի կենդանաբանական այգում և 14 առանձնյակներ` Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում:
Վտանգման հիմնական գործոնները: Մարդու կողմից ուղղակի հետապնդումը, որսագողությունը, բների ոչնչացումը, հավանաբար, թունաքիմիկատների օգտագործման պետական վերահսկողության բացակայությունը, ինչպես նաև գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը:
Պահպանության միջոցառումները: Մեկական զույգ պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում և երկուական` «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում, «Չվող թռչունների պահպանման մասին» Ռուսաստանի և Հնդկաստանի միջև համաձայնության հավելվածում: Անհրաժեշտ է անցկացնել մի շարք միջոցառումներ` ուղղված ինչպես բնադրավայրերի պահպանմանը, այնպես էլ բնակչության էկոլոգիական դաստիարակմանը: Մեծացնել տուգանքի չափը ապօրինի որսի, ձագերին բներից հանելու և բները ոչնչացնելու համար: