Սև արագիլ. Հայաստանի Կարմիր գիրք

Սև արագիլն Արագիլների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Քիչ քանակությամբ նեղ տարածված տեսակ է: Ընդգրկված է եղել նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Հանդիպում է Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Փոքր և Միջին Ասիայում, Հարավային Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում բնադրում է հյուսիսային շրջաններում:

Ապրելավայրերը: Բնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառային զանգվածներում և ժայռոտ ձորերում: Բույնը կառուցում են ծառերի վրա կամ ժայռերի խորշերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարվա մեջ բնադրում են մեկ անգամ, դնում են 3–6 ձու: Բազմացումը անազատ պայմաններում գրանցվել է 2007 թ–ին Խարկովի կենդանաբանական այգում, որտեղ 1 զույգից ստացվել է 3 ձագ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ըստ նախնական գնահատման՝ Հայաստանում կազմում է 2–5 զույգ: Առնվազն 5 անհատ բնադրում է կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում:

Վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի կրճատումը, ինչը կապված է խառն անտառների տարածքների կրճատման և անտառների նոսրացման հետ, հնարավոր է, նաև անհանգստացման գործոնը բնադրման շրջանում:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ մտցնել անտառային տարածքների օգտագործման կառավարման գործում, բնադրման շրջանում (ապրիլ–հուլիս) արգելել մարդկանց մուտքը անտառ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում