Փոքր ձկնկուլ. Հայաստանի Կարմիր գիրք

Փոքր ձկնկուլը Ձկնկուլների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ, անհետացող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2a:

Տարածվածությունը: Տարածված է Հարավային Եվրոպայում, Առաջավոր և Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Իրաքում, Անդրկովկասում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Սևանա լճի ավազանում` չուի շրջանում և ամռանը` հազվադեպ: Տարածված է Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում և Սևջուր գետի եղեգնի բուսուտներում: Բնադրող զույգերի քանակը տատանվում է 200–400 սահմաններում: Ներկայումս հիմնականում ապրում և ձվադրում են Արմաշի ձկնաբուծական լճակներում, մեծ ձկնկուլի հետ համատեղ:

Ապրելավայրերը: Լճեր, ճահճուտներ, գետեր, ձկնաբուծական լճակներ, ճահճային բուսուտներ: Սևջուր գետի համակարգի ջրաճահճային մացառները և եղեգնուտները, որտեղ եղեգնուտների այրման հետևանքով ապրելավայրերը խիստ դեգրադացվել են:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են փոքր գաղութներով (10–20 զույգ), հաճախ` նաև ջրաճահճային այլ թռչունների հետ, Սևջուր գետի համակարգում: Նստակյաց են: Բույնը աղուտային,կոնաձև, եղեգից, ջրաճահճային բուսուտներում, եղեգնի ջարդված ցողունների վրա: Ձվերը` 42,5–53,5 մմ, 4–6, բաց–երկնագույն: Թխսումը` մոտ մեկ ամիս: Ձագերը լինում են մերկ և անօգնական, արագորեն աճում են և 2,5 ամսականում կարողանում են թռչել:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Չուի և ձմեռման ժամանակ Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում հաշվառվում է 1500–3000 առանձնյակ: Տարեցտարի նկատվում է բնադրող և ձմեռող անհատների թվաքանակի աճ:

Վտանգման հիմնական գործոնները: Տնտեսական գործունեության և եղեգնուտների հրդեհման հետևանքով բնադրավայրերի ոչնչացումը: Որսագողությունը ձմռան ամիսներին:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Բնադրման և ձմեռման վայրերին հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով: Անհրաժեշտ է ստեղծել արգելավայր Սևջուր գետի համակարգում: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Վերականգնել Գիլլի լիճը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում