Ահազանգ․ սարսափահար գիշատիչ թռչունը՝ Քանաքեռի տներից մեկում (տեսանյութ)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ տարբեր մասնավոր վայրերում սարսափելի պայմաններում բանտարկված կենդանիների մասին։ Այս անգամ մեր խմբագրություն դիմել են՝ ահազանգելով Երևանի բնակարաններից մեկում փոքրիկ փայտե վանդակում պահվող գիշատիչ թռչնի մասին։
Տեսանյութում, հավանաբար, մեծ ճուռակ է (Buteo buteo), որը բնակվում է տափաստաններում, ճահճուտներում, գետահովիտներում, անտառներում, աղբանոցներում։
Ահազանգած անձը հայտնել է․ «Քանաքեռում արծիվ (խմբ․՝ ճուռակ) են պահում ահավոր վատ պայնաններում և փոքր վանդակում: Ուզում եմ դիմել ինչ-որ մեկին օգնեն ազատենք խեղճ թռչունին: Հարցրեցի՝ ինչո՞ւ են պահում, ասեց իրենց ընկերներից մեկին են նվիրել ինքը չի կարողացել պահել, տվել են տվյալ վարձակալներն են բակում վանդակի մեջ պահում»:
Ըստ ահազանգի՝ գիշատիչ թռչունը պահվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկում, սակայն այժմ արդեն այլ վայրում է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգը փոխանցել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: