«Ոտս կծեց». պարանով կապված, հյուծված և տանջված աղվեսը՝ զվարճանքի առարկա (ֆոտո)
Հայաստանի կենդանասեր հասարակությունը շարունակում է անհանգստացած մնալ կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի դեպքերով: Օրերս, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է ահազանգ, որը պարունակում է ոչ միայն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի տարրեր, այլև վայրի բնությունից միավոր խլելու:
Գարիկ Մխիթարյան անունով օգտատերը /extrim36/ բաց հանրային հարթակում ներբեռնել է տեսանյութ, որում վզից կապված աղվեսի առանձնյակ է: Ակնհայտ է, որ սա կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևում է. կենդանուն գողացել են վայրի բնությունից, կապել նրան պարանով և պահում են անհայտ նպատակով ու պայմաններում, արտաքին զննությամբ կենդանին ունի վախեցած և հյուծված տեսք:
Գարիկ Մխիթարյան անունով օգտատերը նույն հրապարակման մեկնաբանություններում առավել ուշագրավ հայտարարություններ է արել. «բայց ոտս կծեց... Գնում էի մոտիկ իրան դնումեր սատկածի տեղ որ թողեի գնար հենց հեռանումեի իրանից հելնում վազվզումեր...»:
Օգտատերը՝ պատասխանելով մեկնաբանություններից մեկին, հայտնել է նաև, որ կենդանուն բաց է թողել՝ գրելով. «մեկա շատ կա արի միհատել քո համար կբռնեմ կսիրես»:
Գարիկ Մխիթարյան անունով օգտատերը մի քանի անգամ գրել է, որ աղվեսը կծել է վերջինիս ոտքը, ինչը բավականին անհանգստացնող է:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ աղվեսները հանդիսանում են տարբեր վարակների, հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզ, կրողներ ու տարածողներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում պատշաճ եղանակով չի իրականացվում նաև կենդանական աշխարհի օբյեկտների շրջանում տարածված հիվանդությունների մոնիթորինգ և ուսումնասիրություն, ապա վայրի բնության միավորների նման ապօրինի օգտագործումը կարող է մեծ ռիսկեր պարունակել հասարակության համար: Աղվեսները բնության մեջ կատաղության վիրուսի հիմնական կրողներից մեկն են:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:
Ընդգծենք նաև, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության:
Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: