«Ձին անմարդկային տանջանքների է ենթարկվում»․ EcoNews.am-ը դիմել է պատասխանատուներին
![](https://econews.am/disk/07-11-22/5c60a0046f79c31cdcbd89ebb5ef4f7e.jpg)
![](https://econews.am/disk/07-11-22/390417bd120027505d3e51d663b00644.jpg)
![](https://econews.am/disk/07-11-22/46e7a67900c4a0287ddba2935f07f936.jpg)
Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ անխնա և անմարդկային շահագործման, ինչպես նաև դաժան վերաբերմունքի դրսևորման դեպքերը։ Օրերս համացանցում դժգոհության մեծ ալիք է բարձրացել Գյումրի քաղաքում շահագործվող ֆայտոնը քշող ձիու վերաբերյալ։ Հրապարակվել են լուսանկարներ, որտեղ կենդանին շահագործվում է բաց վերքերով հանդերձ՝ ենթարկվելով տանջանքների։
Գյումրու «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ նախագահ Կարինե Դավթյան Ամիրբեկյանը լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Էս անձինքն կարևորություն չտալով կենդանիների առողջությանն ու խնամքին, հաճախ բաց վերքերով ու վատ ֆիզիկական վիճակում էլ շարունակում են վերջիններիս շահագործումը: Երբ փորձում ես բացատրել՝ խելքն աշխատեցնելու փոխարեն ձայնի տոնայնությունն են բարձրացնում»։
Հասարակական բողոքի ալիքին զուգահեռ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն անմիջապես արձագանքել է ահազանգին և դիմել ՀՀ ոստիկանություն, ՍԱՏՄ, ՊԵԿ և Գյումրի համայնքի ղեկավարին՝ ակնկալելով շուտափույթ լուծում տալ ստեղծված իրավիճակին։
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին ուղղված նամակով շեշտելենք․ «Հարգելի պարոն Սամսոնյա՛ն, այս և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման այլ դեպքերը բազմաթիվ են Գյումրի քաղաքում, ինչը շատ ցավալի է մեզ համար, քանի որ Հայաստանի երկրորդ քաղաքը չի կարող նման վատ՝ կենդանատյաց և կենդանասպան համբավ ունենալ հասարակության շրջանում։ Դա մեծապես խանգարում է թե՛ քաղաքի զբոսաշրջային, թե՛ մշակութային պոտենցիալի զարգացմանը, թե՛ կայացած հասարակություն ձևավորելուն և առաջացնում է բազմաթիվ այլ խնդիրներ։ Այսպիսի դեպքերը պետք է առաջին հերթին լինեն Ձեր ուշադրության կենտրոնում, քանի որ Դուք եք քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների առաջին պատասխանատուն։ Այս դեպքում, բավարար չէ, որ կենդանին անմարդկային տանջանքների է ենթարկվում, դեռ ռիսկի տակ է դրվում մարդկանց անվտանգությունն ու առողջությունը, քանի որ կենդանին կարող է բազմաթիվ հիվանդությունների կրողը լինել, կամ պարզապես չկարողանալ ֆիզիկապես դիմակայել այդ տանջանքներին և որևէ դժբախտ պատահարի պատճառը դառնալ»։
ՀՀ-ում այդպես էլ չհայտնվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը վերահսկող պատշաճ իրավական կարգավորում։ Տարիներ շարունակ կենդանասեր և գիտակից հասարակությունը հանդես է գալիս նախաձեռնություններով և կոչերով, սակայն խնդիրը որևէ կերպ լուծում չի ստանում։ Լիահույս ենք, որ այս և մնացյալ բոլոր դեպքերը, ի վերջո, կստիպեն ՀՀ օրենսդիր մարմիններին խնդրին վերջնական լուծում գտնել։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)