Econews.am | Բնապահպանությունը՝ պետության անվտանգության հենասյուն, բնապահպանությունը՝ պետության ծավալման նախադրյալ

Բնապահպանությունը՝ պետության անվտանգության հենասյուն, բնապահպանությունը՝ պետության ծավալման նախադրյալ

Մարդկության պատմության տարբեր փուլերում մարդ-երկրագունդ հարաբերությունները դրսևորվել են յուրովի։

Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց մարդկությունը հետզհետե ամրացրել է իր դիրքերը երկրագնդի հետ հարաբերություններում։

Եթե ժամանակին մարդուն հասանելի տարածք էր համարվում լեռներով կամ բնական որևէ լանդշաֆտով սահմանափակված մի փոքր տարածք, ապա այսօր մարդուն հասանելի է ողջ երկրագունդը, որի մի ծայրից մյուսը կարելի է անցնել ընդամենը մեկ օրում։

Այսպիսով՝ պայմանականորեն ասած՝ երկրագունդը մարդու զարգացմանը զուգահեռ փոքրանում է, ինչպես որ փոքրանում է ժամանակին մեծ թվացող բնակարանը երեխայի համար՝ նրա հասունացմանը զուգընթաց։

Իսկ որքան հասանելիության առումով փոքր է տարածքը, այնքան միջանձնային հարաբերությունների շոշափումներն ակտիվանում են, ինչը բնականորեն ծնում է միջանձնային տարածքների ճշգրտումներ, որն էլ իր հերթին՝ բռնություններ։ Կենցաղային մակարդում, եթե արտաքին վերահսկողությունը թույլ է, սրա դրսևորումներն ակնհայտ են դառնում մարդկանց համար սահմանված փոքր տարածքներում՝ մասնավորապես բանտերում, բանակում և այլն։

Քաղաքական մակարդակում արտաքին թույլ վերահսկողության պայմաններում երկրագնդի հասանելիության ու փոքրության պատճառով արդեն տեղի են ունենում պետական տարածքների ճշգրտումներ, բնության օրենքին համաձայն՝ պետականորեն առողջ օրգանիզմները ծավալվում են, հիվանդները՝ կծկվում։

Արտաքին վերահսկողության բացակայությունը, երկրագնդի փոքրացումը և ծավալման բնազդը՝ արհամարհելով մարդկային քաղաքակրթության զարգացումը, ծնում է նոր և ավելի դաժան բռնություններ։

Այստեղ բնական մի մղումով առաջանում է արդեն իսկ մեկօրյա հասանելիության Երկրագունդը մեկ կենտրոնի կողմից խստորեն վերահսկելու պահանջ։ Առաջանում են տարատեսակ ինտերնացիոնալների, գլոբալիզացիայի և այլ գաղափարներ, ինչը հնարավոր է իրականություն դարձնել որևէ պետության կամ պետությունների ծավալման միջոցով՝ թե՛ տարածքային, թե՛ մշակութային։

Երկրագնդի ամբողջական վերահսկման գործընթացը կբերի նրան, որ մանր և տկար պետությունները հետզհետե կձուլվեն ավելի խոշոր և առողջ պետությունների մեջ, որոնք հետագայում կձևավորեն միասնական կառավարման մեկ կենտրոն։

Վաղնջական ժամանակներում եթե պետությունները ծավալվում էին աշխարհը ճանաչելու և մյուսներին իրենց ճանաչել տալու մղումով, հետագայում նրանց ծավալման էր մղում այլոց հարստությունները և դրանց տիրանալու ձգտումը, մեկ այլ ժամանակաշրջանում կրոնները, ապա 18-րդ դարի վերջից ՝ ֆրանսիական մեծ հեղափոխությունից սկսած, պետությունների ծավալման մղիչ ուժ են հանդիսանում ժողովրդավարությունն ու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, վաղը, սակայն, այդ մղիչ ուժը ու դրա առանցքը լինելու են բնությունն ու բնապահպանական խնդիրները:

Մարդ-երկրագունդ հարաբերությունների սրմամբ սրվում են նաև մարդ-բնություն հարաբերությունները։ Մարդու ազդեցությունը ահագնանում է բնության նկատմամբ, իսկ տեխոնոլոգիական զարգացումը էլ ավելի է սրում այն։

Նման պայմաններում, երբ երկրագունդը փոքրանում է մարդու համար, ապա ինչպես որ մի երկրի ժողովրդավարության մակարդակը վերջին տասնամյակներում համարվում էր համամարդկային խնդիր, այնպես էլ մի երկրի բնությունը դադարում է զուտ լոկալ խնդիր լինելուց և դառնում է համամոլորակային խնդիր։ Ավելին՝ եթե մի երկրի ժողովդրակավարական մակարդակը ցածր է, ապա դա կարող է և որևէ կերպ չազդել մեկ այլ երկրի վրա, մինչդեռ մի երկրի բնության վերացումը կարող է ազդել թե՛ տարածաշրջանի, թե՛ մոլորակի վրա։

Այս առումով, եթե Երկրագնդի գերիշխող տերությունները վերջին շրջանում ներքին բարոյական ուժ ստանալու, երկրագնդի վրա իրենց վերահսկողությունը տարածելու և ծավալվելու նպատակով օգտագործում էին այլ պետությունների ժողովրդավարական և մարդու իրավունքների և ազատությունների ցածր մակարդակը, ապա մոտ ապագայում վերջինները կսկսեն մանրանալ իրենց կարևորությամբ և զիջել իրենց տեղն ու նշանակությունը բնապահպանական խնդիրներին (եթե վերջին շրջանում մարդը համարվում էր տիեզերքի կենտրոն և առաջնային ուշադրության առարկա, ապա բնապահպանական խնդիրների սրմամբ ու նաև բնության կարևորության մեծացմանը զուգընթաց, նա հետզհետե կփոքրանա իր կարևորությամբ․ հավանաբար հին հնդկական-վեդայական գրականությունը հենց այս մասին է խոսում, երբ ասում է, թե կալի-յուգա շրջանում մարդն այնքան կփոքրանա, որ կանցնի ասեղի անցքով) , ըստ որի այն պետությունները, որոնց տարածքում առկա է գերաղտոտվածություն կհայտնվեն առաջնային թիրախի կարգավիճակում։

Այս կոնտեքստում տեղին է հիշել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Ֆորտ-Մայեր-ում ունեցած ելույթի ժամանակ հնչեցրեց, թե Վաշինգտոնն այլևս չի օգտագործի ամերիկյան զինված ուժերն այլ երկրներում ժողովրդավարության հաստատման համար:

Թեև ակնհայտ է, որ այսօր երկրագնդի վերահսկման գլխավոր թեկնածուներից է հենց ԱՄՆ-ը, ինչից հրաժարվել չի պատրաստվում։

Նույն տրամաբանության մեջ EIDHR-ի (The European Instrument for Democracy and Human Rights Human Rights Human Rights (EIDHR)), որը կոչված է աջակցելու ոչ եվրամիության անդամ երկրներին ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների ազատության բնագավառներում, բյուջե 2014-2020թ համար կազմում է շուրջ 1.3 միլիարդ եվրո, ինչն ավելացել է 2007-2013թ. բյուջեի նկատմամբ շուրջ 21 տոկոսով։

Մինչդեռ կլիմայական փոփոխությունները մեղմացնելու նպատակով
ոչ Եվրամիության անդամ երկներին 2014-2020թ համար նախատեսում է աջակցել տարեկան շուրջ 2 միլիարդ եվրոյի չափով, ընդհանուր 14 միլիարդ եվրո, ինչը նշանակում է որ 2012-2013թ. համեմատությամբ, մեկ տարվա կտրվածքով աջակցության ծախսերը կրկնապատկվում են։

Եվ առհասարակ Եվրամիությունը 2014-2020թ համար նախատեսում է ծախսել իր ամբողջ բյուջեի 20 տոկոսը Գործողություն hանուն կլիմայի շրջանակներում (Climate Action)։

Հոգեբանությունը կարող է հաստատել, որ ցանկացած աջակցություն ենթադրում է վերահսկողական պատասխանատվություն աջակցող սուբյեկտի կողմից աջակցվող օբյեկտի նկատմամբ, ինչից զերծ չեն նաև պետությունները, իսկ ցանկացած վերահսկողություն տեղի է ունենում ի հաշիվ վերահսկվող օբյեկտի ինքնիշխանության։

Այսպիսով, մոտ ապագայում արտաքին քաղաքական շարժերի առանցքը կհամարվի բնապահպանությունը, որով վերոնկարագրյալ համամոլորակային խմորումների ներքո պետության անվտանգության հիմնասյուներից կհանդիսանա բնապահպանական խնդիրների բացակայությունը։

Բայց միևնույն ժամանակ բնապահպանական խնդիրները կարող են հանդիսանալ նաև պետության ծավալման նախադրյալ։

Այս առումով անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը արագ յուրացնի վերոնկարագրյալ պրոցեսները՝ արտաքին խմորումներում ճիշտ դիրք գրավելու և օգուտներ կորզելու նպատակով, և ոչ թե ուշացումով դառնա պրոցեսներին հետևող և վնասներ կրող։

Հեղինակ՝ Վրույր Արծրունի

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում