Ահազանգ. Հրազդանի կիրճում ձկների զանգվածային անկում է արձանագրվել (տեսանյութ)
![](https://econews.am/disk/19-04-19/5b8306af60ba9e2e4d6e93fc31fc308e.jpg)
Այսօր՝ ապրիլի 19-ի առավոտյան EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ ստացավ այն մասին, որ Երևանի սահմաններում գտնվող Հրազդան գետում նկատվել են ձկների անկման դեպքեր: Այս մասին հայտնել են տարածքում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները: Ականատեսների պնդմամբ, ձկների անկումը կրում է զանգվածային բնույթ և ընդգրկում է մեծ տարածություն. Դավթաշենի կամրջից սկսած մինչև Մանկական երկաթուղու հարակից տարածքներում նկատվում են անկած ձկներ: «Ամբողջ ափամերձ մասը սատկած ձկներ են մեծ քանակությամբ, տարբեր չափերի՝ մանր ու մեծ: Բացառվում է էլեկտրահարման տարբերակը, քանի որ նման մեծ տարածք ընդգրկելու համար պետք է հսկայական հզորության էլեկտրական կայան. տարածքը շատ մեծ է»,- մեզ հետ զրույցում հայտնեց ականատեսներից մեկը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Տեսչական մարմնի աշխատանքները տեղում են, արվում են ուսումնասիրություններ ձկների անկման պատճառները հասկանալու համար»:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին նաև. «Այսօր ժամը 10:55-ին 911 ծառայությունից ստացել ենք ահազանգ, որ իրենց զանգահարել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի տակ, սատկած ձկներ կան: Մեկնել է մեր օպերատիվ խումբը, վերցրել են փորձանմուշներ, նշանակվել են փորձաքննություններ, դեպքով իրականացվում է հետաքննություն»:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/28-11-22/d52b91b38c1afb8b9308dac20cf4b3ee.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/9dcffedb69b44cc3c501c3b8c8a41ff5.jpg&w=300&h=200)