Ջրի խնդիր՝ Մեղրիում. ինչո՞վ են «մեղավոր» Մեղրի գետի 3 ՀԷԿ-երը

«Որպես գլոբալ, շատ կարևոր խնդիր կարող եմ նշել ջրի խնդիրը: Սա ամենամեծ խնդիրն է, որը մենք ակնկալում ենք լուծել, և որի հետևանքով համայնքը ոչ միայն կարող է պահպանել ներկա վիճակը, այլև զարգանալ: Մենք ունենք ջրի կուտակման խնդիր, ավելի առարկայական՝ ջրամբարի կառուցման»,- այս մասին վերջերս լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով համայնքի կարևորագույն խնդրին, ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը: 

«Ինչպես Հայաստանի յուրաքանչյուր համայնք, մեր համայնքը նույնպես ունի իր խնդիրներն ու առավելությունները: Նշեմ, որ այս պահին անլուծելի խնդիր մենք չենք տեսնում: Խնդիրներ շատ կան, բայց ըստ առաջնահերթությունների, աշխատանքային գրաֆիկով բոլորն էլ լուծում ստանում են: Որպես գլոբալ, շատ կարևոր խնդիր կարող եմ նշել ջրի խնդիրը: Սա ամենամեծ խնդիրն է, որը մենք ակնկալում ենք լուծել և որի հետևանքով համայնքը ոչ միայն կարող է պահպանել ներկա վիճակը, այլև զարգանալ: Մենք ունենք ջրի կուտակման խնդիր, ավելի առարկայական՝ ջրամբարի կառուցման: Խորհրդային ժամանակներից Մեղրի գետր վերին հոսանքներում ջրամբար կառուցելու պլան կար, տեղն էլ էր որոշված՝ Լիճք գյուղի ստորին մասում»,- մանրամասնեց նա:

Համայնքի ղեկավարը նշեց, որ իրենց կողմից խնդրի մասին անընդհատ ներկայացվել է Կառավարությանը: Մխիթար Զաքարյանը հստակեցրեց. «Ջրային տնտեսության պետական կոմիտեն արդեն սկսել է նախնական ուսումնասիրությունները և նախանական հաշվարկներով անհրաժեշտ է մոտ 2.5 մլն դոլարի ծախս: Կառուցման հստակ ժամանակացույց դեռևս չկա: Ինձ համար՝ որպես համայնքի ղեկավարի, նաև ազգաբնակչության ճնշող մեծամասնության կարծիքով, համայնքի տարածքում ամենահրատապ խնդիրը ջրամբարի կառուցումն է: Մեղրի գետի հոսքի 80 տոկոսից ավելին կատարվում է տարվա 3 ամիսներին՝ ապրիլ, մայիս, հունիս: Համայնքում կենսագործունեություն զարգացնելու համար անհրաժեշտ է երաշխավորված ջուր, որը միայն ջրամբարի կառուցման միջոցով կարող է լուծվել»:

Հիշեցնենք, որ Մեղրի գետի վրա արդեն իսկ գործում է 3 ՀԷԿ: Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ բացի գոյություն ունեցող 3-ից, կառուցվում է նաև 4-րդը, խոսվում է նաև 5-րդի մասին: 

Լրագրողների դիտարկմանը, թե միգուցե ջրի հոսքի նվազման խնդիրը կապված է Մեղրի գետի վրա գործող ՀԷԿ-երի առկայությամբ, համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը պատասխանեց. «Ես մասնագետ չեմ, չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով խնդիրը ջրի կուտակումն է, իսկ գործող ՀԷԿ-երն ընդամենը հոսող ջրի ուժն են օգտագործում: Չեմ կարծքում, որ մեկը մյուսի հետ կապված է»:

Նշենք, որ Սյունիք մարզ այցելության ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը նկարահանեց նաև Մեղրի գետն աղտոտված ու «առանց ջրի»: Ներկայացված տեսանյութում բացի ջրի գույնից, ակնհայտ երևում է նաև գետի հոսքի ծավալը: Բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Սակավաջուր չի եղել մեզ մոտ, ո՞վ ա ասում սակավաջուր: Գետը վերցրած ա խողովակի մեջ ու գնում ա պրյամոյ մտնում ՀԷԿ-ը: Աշխահում, հանրապետությունում, Մեղրու շրջանում Լեհվազի պես ջրառատ տեղ չկար: Գետով դեպի վերև 3 ՀԷԿ կա, մեկն էլ հիմա Վարդանիձորում են ուզում սարքեն ու 5-րդն էլ են ուզում սարքեն: Խայտառակ իրավիճակ, գետ չկա»: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում