«Пойман, но не вор»! Ինչպես «բնապահպան պաշտոնյան» ջրից չոր դուրս եկավ

  • 2021թ․-ի փետրվար ամսին Սյունիքում հայտնաբերվել է մեքենա, որում եղել է օրինական և ապօրինի ռազմամթերք, 26.05 կգ սառեցված միս, ըստ երևույթին, վարազի։ 
  • Բերման է ենթարկվել 4 անձ, որոնցից մեկը պաշտոնատար՝ ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը։ 
  • Թե՛ ապօրինի ռազմամթերքի գործով, թե՛ ապօրինի որսի դրվագով որևէ բացահայտում տեղի չի ունեցել և գործը կասեցվել է։ 
  • Որսագողության մեջ կասկածվող, սակայն բնության պահպանությանը ուղղված կառույցի պաշտոնյան շարունակել է պաշտոնավարել մինչ վերջերս։ 

Սյունիքի մարզում ապօրինի որսի և ապօրինի զենք պահելու կասկածով բերման ենթարկված 4 անձինք, որոնց թվում եղել է նաև այդ ժամանակ պաշտոնատար անձ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, ամբողջությամբ խուսափել են պատասխանատվությունից։

Դեռևս 2021թ․-ի մարտ ամսին EcoNews.am-ը գրել է, որ Տեսչական մարմնի պաշտոնյա Արմեն Բավոյանը, Արարատի մարզի ձկնաբուծարաններից մեկի ղեկավարը («Մաքս ֆիշ» ՍՊԸ), ինչպես նաև ևս 2 անձ, որոնց ինքնությունը մեզ անհայտ է, Սիսիանի շրջակայքում հայտնաբերվել են որսորդական ինքնաձիգով և արտահագուստով, իսկ մեքենայում՝ 26.05 կգ քաշով միս (նախնական զննության համաձայն՝ վայրի վարազ), սակայն ՀՀ քննչական կոմիտեն որևէ կերպ չի կարողացել պարզել դեպքի մանրամասները և Արմեն Բավոյանը մինչև վերջերս շարունակել է պաշտոնավարել շրջակա միջավայրի, այդ թվում՝ կենդանական աշխարհի պահպանության համար նախատեսված տեսչական մարմնում։

Սակայն ընդամենը մի քանի օր առաջ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնի է դարձել, որ վերջինս այլևս չի զբաղեցնում նշված պաշտոնը և չի աշխատում ԲԸՏՄ-ում։ 

Հիշեցնենք, որ ըստ մեր գաղտնի աղբյուրի հայտնած տեղեկությունների՝ ավտոմեքենայում եղել է նաև «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ Արտախ Մխիթարյանը, սակայն այդ տեղեկությունը հերքել է թե ՇՄՆ-ը, թե Արգելոցի պաշտոնական էջը, իսկ Քննչական կոմիտեից մեզ հայտնել են, որ բերման ենթարկվածներից միայն մեկն է եղել պաշտոնատար անձ։ 

ԲԸՏՄ պաշտոնյայի արկածները Սյունիքում

2021թ․-ի փետրվար ամսին ապօրինի որս կատարելու կասկածով ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժին բերման է ենթարկվել 4 անձ, որոնցից մեկը՝ պաշտոնատար։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը․ «1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» (Հետագայում օրենսգիրքը ենթարկվել է փոփոխությունների)։ 

Վերջիններիս ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվել է «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական ինքնաձիգ, նույն ինքնաձիգից կրակելու համար նախատեսված 34 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ և 23 հատ 5.45 մմ տրամաչափի ԱԿ-74 տեսակի ինքնաձիգի փամփուշտ, 26.05 կգ քաշով միս։ Դատաձգաբանական փորձագետի եզրակացության համաձայն փորձաքննության ներկայացված 23 փամփուշտները եղել են գործարանային արտադրության մարտական փամփուշտներ, պիտանի են կրակելու համար և հանդիսանում են ռազմամթերք։ 

Քրեական գործ՝ առանց մեղավորների

Վերոնշյալ քրեական գործով մեղադրյալ անձինք չեն ներգրավվել, իսկ բերման ենթարկվածները հարցաքննվել են վկայի կարգավիճակով։ Սիսիանի քննչական բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ա․ Գրիգորյանը գրությամբ մեզ հայտնել է, որ քրեական գործով դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, սակայն հանցանք կատարած անձի /անձանց/ ինքնությունը չի պարզվել, ուստի գործով վարույթը 2021թ․ հունիսի 30-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցվել է։ 

Ինչ վերաբերվում է հայտնաբերված մսին, ապա նշվածի վերաբերյալ դեռևս ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուց Ռուբեն Մկրտչյանի մասնակցությամբ կատարված զննության ընթացքում վերջինս հայտարարել է, որ այն վայրի խոզի միս է, որից հետո միսը հանձնվել է տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին, որտեղից էլ՝ Կապան համայնքի թիվ 3 կրթահամալիրի ՊՈԱԿ։ 

Նախաքննության ընթացքում վկա Ռուբեն Մկրտչյանը ցուցմունքով նշել է, որ անզեն աչքով ուսումնասիրելով գործով հայտնաբերված միսը, մասնագիտական կարծիք է հայտնել, որ այն վայրի խոզի միս է, սակայն քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ չկա այնպիսի հետազոտություն կամ փորձաքննության մեթոդիկա, որով հնարավոր կլինի պարզել գործով հայտնաբերված մսի կոնկրետ կենդանու տեսակը։ 

Ընդգծենք, որ դեպքից մի քանի որ անց ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասել է․ «Համենայնդեպս ես անձամբ փետրվարի 20-ին նրանց նկատել եմ մարզում, ինչն ինձ մոտ կասկած է առաջացրել, քանի որ նրանք եղել են հատուկ արտահագուստով, զենքերով և մենք մեր գործառույթն իրականացրել ենք։ Մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն էր»։

Բայց թե ինչո՞ւ է քրեական գործի շրջանակներում ցուցմունք տվել Ռուբեն Մկրտչյանն, անհայտ է։

Պատշաճ քննությո՞ւն, փորձաքննություննե՞ր․․․ չէ՜, չենք լսել

Ապօրինի որս կատարվելու վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, իսկ հիշյալ քրեական գործի շրջանակներում կատարված քննությամբ հնարավոր չի եղել ձեռք բերել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ բերման ենթրակված 4 անձինք կատարել են ապօրինի որս, չի պարզվել նաև հայտնաբերված մսի տեսակը, ուստի տվյալ դրվագով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

ՔԿ գրությունից պարզ չէ նաև, թե ի՞նչ է նշանակում «չկա այնպիսի հետազոտություն կամ փորձաքննության մեթոդիկա, որով հնարավոր կլինի պարզել գործով հայտնաբերված մսի կոնկրետ կենդանու տեսակը» նախադասությունը, այն դեպքում, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ՀՀ քննչական ծառայության կողմից մսի տեսակային պատկանելիությունը որոշելու նպատակով դիմում չի ստացել: 

Գրությամբ նշվել է նաև, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության տակ գտնվող Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնՊՈԱԿ-ը լաբորատոր գործիքային մեթոդներով կարող է պարզել կենդանատեսակը միայն ամբողջական մսեղիքի (կամ կիսամսեղիքի) առկայության դեպքում: 

Դեպքի մասին մեզ հայտնի տվյալներով հայտնի չէ նաև, թե արդյոք առկա՞ է եղել կենդանու մսեղիքը կամ կիսամսեղիքը։ Այդ պարագայում, երբ հայտնի չէ, թե ի՞նչ միս է, անվտանգ է արդյոք, թե ոչ, ինչու է այն հանձնվել Կապան համայնքում գտնվող կրթահամալիրին։ 

Պարզվելու համար, թե հնարավոր է արդյոք հայտնաբերել ինչ կենդանատեսակի միս է, թե՞ ոչ, առաջին հերթին պետք էր դիմել մասնագիտացված կառույցի, ինչը չի արվել։ Համենայնդեպս, ՔԿ և ՍԱՏՄ մեզ հայտնած տվյալների համաձայն։ 

 «Не пойман - не вор» կամ «пойман, но не вор»!

Այսպիսով, թե՛ ապօրինի զենքի գործով, թե՛ որսագողության կասկածի առնչությամբ որևէ մեղավոր անձ չի հայտնաբերվել, քրեական գործն էլ կասեցվել է դեռևս 2021թ․-ի հունիսի 30-ին։ Մինչ բոլորովին վերջերս վերոնշյալ Արմեն Բավոյանը շարունակել է պաշտոնավարել ԲԸՏՄ-ում, սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ նա այլևս չի աշխատում Տեսչական մարմնում մեզ համար անհայտ պատճառով։ 

Լուսանկարը՝ այլ դեպքից։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում