Սա կոռուպցիոն սովորական սխեմա է. կանաչ գոտին վերածվել է ավտոկայանի (ֆոտո)

Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ցուցադրում է, թե ինչպես Երևանի կենտրոնում կանաչ գոտին վերածվեց ավտոկայանի: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. 

«Հիշում եք այն հրապարակած փաստաթուղթը, որում նշվում էր, որ օրինականացված ապօրինի կառույցի տեղում նախկինում էլ` 1996 թվականից ի վեր եղել է քարե ավտոտնակ: Հարևանները պնդում էին, որ դա այդպես չէ: Google Earth-ն էլ մեզ օգնեց:

Ստորև բերված լուսանկարներում երևում է, որ քաղաքապետարանի կողմից օրինականացված ապօրինի կառույցը վերջին 2-3 տարիներին է հայտնվել այդտեղ: Ու բնականաբար, մեծ անձնակազմ ունեցող Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, ինչպես նաև Կենտրոնի վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը չէին «նկատել» այդ ապօրինությունը: Նրանք համբերատար «չտեսնելու էին» տվել երկու տարի շարունակ, մինչև որ շինությունը կավարտեն, հետո անսպասելի հայտնաբերել էին շենքը ու նույնքան «անսպասելի» օրինականացնել` թույլ տալով քաղաքացի Մանուկ Մանուկյանի այն սեփականաշնորհել: Հա, մոռացա, ջհանդամ, թե այդ կառույցը չի փակում հետևում գտնվող էլեկտրական ենթակայանի մուտքը: Ու աստված չանի, պայթյունի դեպքում որևէ հրշեջ մեքենա այդտեղ չի հասնի, բայց դե դա ում է հետաքրքրում:

Սա կոռուպցիոն սովորական սխեմա է, որը գործել է տասնամյակներ շարունակ: Այն պետք է հիմնահատակ ավերվի: Վստահ եմ, որ այս բացահայտումից հետո նշված վարչությունում ամենաբարձր մակարդակով պետք է լինեն պաշտոնանկություններ: Սա կոռուպցիա է և վերջ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում