Հայաստանում մեկնարկել է կլիմայի փոփոխությանը նվիրված «Արևորդի» ֆիլմերի փառատոնը
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերն՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Ֆիլմերի ցուցադրման ծրագրին ծանոթացեք հղումով։
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի 2022թ․-ի ֆիլմերի ծրագրի երեք անվանակարգերն են․
- Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին
- Կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին
- Մանկապատանեկան ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին
Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։
«Արևորդի» փառատոնի՝ այս տարվա ծրագրի հավելվածներից մեկն է նոյեմբերի 11-14-ը նախատեսված «Կանաչ թղթակիցների դպրոցը»՝ ինտենսիվ ուսումնառության նորաստեղծ հարթակը, որի թիրախում մեդիա ոլորտում ներգրավված երիտասարդների շրջանում Հայաստանում էկո-լրագրության զարգացումն է և բնապահպանական ու կլիմայական խնդիրներին առնչվող թեմաների լուսաբանման որակի բարելավումը:
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը 2007թ․-ին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։
Հիմնադրման պահից «Արևորդի»-ն կամրջել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Փառատոնը էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։
2022թ․ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։
Համաձայն ՀՀ Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրության՝ մեր երկրում դիտարկվող կլիմայի փոփոխության միտումները բարենպաստ չեն․ վերջին տասնամյակների ընթացքում տարեկան միջին ջերմաստիճանի և բնական աղետների հաճախականության և ուժգնության զգալի աճ է արձանագրվել։
Խնդրի լայն իրազեկման, քաղաքացիական գիտակցության ձևավորման շնորհիվ միայն կարելի է կանխել կամ մեղմել Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության բացասական սցենարները։