«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է (ֆոտո)

Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:

Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգևորականի մասին: Հոգևոր և բարոյական քարոզ իրականացնող անձը նաև ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ինչը համարվում է ապօրինի որս:

Ըստ մեր տվյալների լուսանկարներում պատկերված անձը Տեր Ղևոնդ քահանա ( Արարատ ) Գափոյանն է՝ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը: 

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպանված թռչունները մկնաճուռակների տարատեսակներ են: Նախնական տվյալներով առաջին լուսանկարում տափաստանային մկնաճուռակն է, իսկ մյուսում՝ մարգագետնային մկնաճուռակ:

Երկու տեսակներն էլ ընդգրկված են ՀՀ կարմիր գրքում, ինչպես նաև միջազգային IUCN Կարմիր ցուցակում: Մարգագետնային մկնաճուռակը Հայաստանում բնադրում է միայն ծայր հյուսիս-արևմուտքում, չուի ժամանակ հանդիպում է հանրապետության համարյա ամբողջ տարածքում: Հայկական պոպուլյացիայի հիմնական մասը բնադրում է «Արփի լիճ» ազգային պարկում: Նախնական գնահատմամբ՝ հանրապետությունում այն կազմում է 5-10 բնադրող զույգեր:

Տափաստանային մկնաճուռակը հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է: Նկատվել է Աբովյանի, Արտաշատի, Սևանի և այլ շրջաններում, առավելապես, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում: Տափաստանային մկնաճուռակը դասվում է Հայաստանի բնադրող չվող տեսակների թվին: Հայաստանում ընդհանուր թվաքանակը հայտնի չէ: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Նշենք, որ լուսանկարների մեծ մասը հրապարակվել են 2011-2012թթ.-ին և մի մասն էլ արվել են ոչ Հայաստանում:

Ուշագրավ են Տեր Ղևոնդ քահանա Գափոյանի մեկնաբանությունները նշված լուսանկարներին:

Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում