Բնության նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող անձը լուրջ հոգեբական խնդիրներ ունի. հոգեբան

«Գլոբալ առումով պատճառը մեկն է՝ ցածր իրավագիտակցության մակարդակը: Այս խնդիրը Հայաստանում առկա է բոլոր ոլորտներում՝ սկսած կրթական համակարգից»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը՝ անդրադառնալով բնության և կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի պատճառներին:

«Չնայած, որ դպրոցներում դասավանդում են բնագիտական առարկաներ, բայց միգուցե մասնագետներն էլ չեն կարողանում այդ ամենը ճիշտ մատուցել: Պետք է փաստեմ, որ բնության նկատմամբ դրական վերաբերմունքը թուլացել է: Այդ ամենն ընտանիքից էլ է գալիս: Ամբողջ խնդիրը նաև նրանում է, որ երբ առաջնային հարցեր են դառնում այլ խնդիրները՝ սոցիալական, կենցաղային, օրվա հացի և այլն, բնությունը, ցավոք սրտի, մղվում է երկրորդ պլան, այնինչ պետք է հակառակը լիներ»,- մանրամասնեց նա:

Պատասխանելով մեր հարցին, թե ինչ հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ունեցող մարդը, Արկադի Մեհրաբյանը նշեց, որ հոգեբանական խնդիրները տարբեր կարող են լինել, բայց այն, որ դրանք կան՝ միանշանակ է: «Ցանկացած դաժան վերաբերմունք, արդեն նշանակում է հոգեբանական լուրջ խնդիրներ, եթե ոչ՝ հոգեբուժական: Ագրեսիան ինքն իրենով և՛ հոգեբանական, և՛ հոգեբուժական, և՛ նյարդաբանական խնդիրներ է ենթադրում: Դա էլ իր հերթին կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ գենետիկ ֆոն, ուղեղի թերհասունացում, դաստիրակաության կոմպլեքսներ և այլն: Եթե անգամ դաժանություն է ցուցաբերվում անշունչ առարկայի նկատմամբ, արդեն խնդիր է ենթադրում»,- ասաց նա:

Մեր մյուս հարցադրմանը, թե ինչո՞ւ հաճախ ծնողներն ուշադրություն չեն դարձնում երեխայի մոտ բնության նկատմամբ անտարբեր, դաժան վերաբերմունքին, հոգեբանը պատասխանեց. «Ուշադրություն չեն դարձնում այն ժամանակ, երբ երեխան դա անում է անալոգ կերպով: Այսինքն՝ երեխան տեսնում է դաժանություն և կրկնում է: Դա նրա համար սովորական բան է, նա չի էլ հասկանում, որ դա դաժանություն է: Ավագ սերունդը, որից երեխան սովորում է, նրանց համար էլ է դաժանությունը սովորական երևույթ: Մի մարդու համար ծառի ճյուղ կոտրելը կարող է դաժանություն լինել, մյուսի համար՝ ծառը հատելը, արմատախիլ անելը, միգուցե նաև պտուղը քաղելը: Չկա այդպիսի կարգավորող նորմ, որը հստակ կսահմանի, որ տերևը պոկելը դաժանություն է»:

Անդրադառնալով հաճախ թափառող կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքին, պարոն Մեհրաբյանն ասում է. «Չեմ կարծում, եթե մարդու մոտ ամեն ինչ նորմալ է, շան հաչոցը կարող է նրա վրա նույնքան ազդել, որքան եթե մարդը լարված է, ունի անհանգստություններ կամ այլ խնդիրներ: Արդեն եթե մարդն ունի ներքուստ անհանգստացնող խնդիրներ, սա այլ հարց է: Շան հաչոցն ուղղակի բարձր ձայն է, որն առիթ է հանդիսանում: Բայց եթե մարդը կայուն հոգեվիճակում է գտնվում, ապա բնության ձայները պետք է նրա վրա դրական ազդեն»:

Հոգեբանն անդրադարձավ նաև հասարակության մեջ ընդհանուր բռնության աճին: «Ինքն իրենով բռնությունն է շատացել: Եթե հասարակության մեջ ինչ-որ երևույթ շատանում է, համամասնորեն է շատանում: Այսինքն բռնությունը չի կարող միայն մարդկանց կամ միայն կենդանիների նկատմամբ շատանալ: Բոլոր ոլորտներում էլ նկատվում է բռնության աճ»,- ասաց նա: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում