Հայաստանում ոչ կարգավորված տուրիզմը վնասում է թռչնաշխարհի գոյությանը. Լյուբա Բալյան

Մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը, ում հետ զրուցեցինք Հայաստանի թռչնաշխարհի բնական զարգացմանը սպառնացող հիմնական վտանգների մասին: 

- Խնդիրներն այնքան բազմազան են ու իրականում շատ: Չեմ զլանա նշել, որ մեզ մոտ այժմ երկու հիմնական սպառնալիք կա՝ հանքարդյունաբերություն ու ՀԷԿ: Այս երկուսն են, որ տանում են կենսամիջավայրի վերացման, դա փաստ է: Սրանք մեծ մասշտաբի, ծավալուն սպառնալիքներ են հանդիսանում: Սպառնալիքը հենց կենսամիջավայրի վերացումն է, կամ կտրուկ փոփոխությունը, երբ մարդիկ միջամտում են: Նույնսիկ եթե դու ֆիզիկապես չես վերացնում կենդանուն, բայց վերացնում ես այն տունը, որտեղ թռչունը բնակվում է: Ազդեցությունը շատ մեծ է թե՛ ՀԷԿ-ի, թե՛ հանքի դեպքում: Տասնյակ տարիներ պետք է անցնեն, որպեսզի այդ տարածքները վերականգնվեն բնական ճանապարհով և մենք նորից տեսնենք այն թռչնատեսակները․ թե՛ բնադրող, թե՛ չվող:

Ինչպիսի՞ ազդեցություն է թողնում որսորդությունը, արդյո՞ք այն վերահսկելի և կառավարելի է:

 - Որսն էլ, իհարկե, չեմ կարող անտեսել, որովհետև այն միշտ եղել է և կա: Ես անձամբ առհասարակ որսին դեմ եմ, բայց կուզեմ նշել տարբերությունն այն որսաձևի, որը մենք ունեցել ենք շատ վաղուց և այն որսի, որն ունենք այժմ: Նախկինում որսը եղել է ինչ-որ չափով կառավարվող, եղել է որսորդ միություն, որն ուներ իր կանոնադրությունը, որտեղ որսորդների միությանը անդամակցելու համար, անհատն անցնում էր համապատասխան քննություն և այդ «մինիմումը» հանձնելուց հետո միայն նոր ստանում էր որսորդական լիցենզիա: Հիմա այդ տարբերակը չի գործում: Այսօր ես չեմ տարբերում որսորդին որսագողից, որովհետև ցանկացած անձ, որը ցանկանում է տիրանալ զենքին, ստանում է լիցենզիա: Ոչ մի քննություն չկա, մարդիկ բացարձակապես չեն տարանջատում տեսակները, կրակում են այն ամենին, ինչը շարժվում է: Նրանք չունեն կենսաբանական մտքի թռիչք. քեզ լիցենզիա է տրվում, բայց եթե դու գրագետ որսորդ ես և բնությանը ծանոթ մարդ, ապա դու պետք է հասկանաս սեզոնը՝ որ սեզոնին կարելի է կրակել, իսկ երբ՝ չի կարելի: Այդ կարգի գաղափարները բնականաբար վերացել են: Այսօր մենք ունենք ուղղակի «բանդիտիզմի» ինչ-որ ձև, որը մնում է անպատիժ:

Չնայած, եթե համեմատեմ, թե որսի խնդիրն ինչպես է կանգնած այլ երկրներում, մասնավորապես Մալթայում․ այնտեղ ահռելի ծավալների է հասնում որսը, թեև Մալթան Եվրոկմիության անդամ է համարվում ու արդեն քանի տարի է այնտեղ որսորդների լոբբինգը շատ ուժեղ իրականացվում է: Փաստորեն նույնիսկ այդ կազմի մեջ ընդգրկված երկիրը չի կարողանում շտկել այդ հարցը: Մեզ մոտ այդ աստիճանի ահռելի չէ, բայց մեզ մոտ, որակային առումով է իրավիճակը բարդ: Եթե նախկինում որսն իրականացվում էր պապական մեթոդներով, հիմա որսը դարձել է հարուստների քմահաճույք, որոնք կարող են թույլ տալ իրենց շատ բարձրակարգ տեխնիկա, օպտիկա, շատ ժամանակ լուսավորման սարքերով են որս անում, այսինքն, անհանգստացնում են կենդանուն: Կենդանին ուղղակի անզեն է լինում և չի կարողանում փախուստի դիմել՝ անհանգստացնում են հենց բնի մեջ: Այդ մեթոդներն ամբողջությամբ, ես կասեի, քրեական են:

Մարդու միջամտությունը սահմանափակվում է միայն նշված գործոններով, թե՞ կան նաև այլ սպառնալիքներ:

- Ըստ ինձ, ևս մեկ կարևոր սպառնալիք է հանդիսանում «անհագստացման գործոնը»: Սա շատ լայն հասկացություն է: Հավատացած եղեք, որ նույնիսկ դրական գործողությունները, որոնք այսօր խթանվում են մեր հասարակության մեջ կարող են վնասել: Օրինակ՝ զբոսաշրջությունը, շատ հաճախ կիրառվում է նաև «էկոտուրիզմ» հասկացությունը, որը ես դեռ չեմ տարանջատում ավանդական տուրիզմից, առնվազն Հայաստանում, որովհետև ցանկացած զբոսաշրջություն հետք է թողնում: Այս ոլորտում ներգրավված հիմնական անձինք, օրինակ քայլարշավների ժամանակ, շատ անգամ չեն տիրապետում տեղանքի կենսաբազմազանության խնդիրներին: Ձևավորվում է որոշակի խումբ, շատ ժամանակ խմբաքանակն ավելի է, քան թույլատրելի է, որովհետև եթե դու գնում ես վայրի բնություն, ապա պետք է հասկանաս, թե որտեղ ես տանում այդ խումբը: Եթե շատ բարձր ալպյան գոտիներով է անցնում արշավը, ապա թռչնաշխարհին այդքան խոշոր վնաս չի հասցվի, բայց լինում են արշավներ, որոնք շատ խոցելի տարածքներով են ացնում և երբ նման արահետների ծրագիր է մշակվում, ցանկալի է, որպեսզի նախաձեռնող խումբը մի փոքր իրազեկվի, թե ինչ կենսամիջավայրի կամ բնադրավայրերի կողքով են անցնելու արահետները, և ինչպիսին կարող է լինել իրենց թողնված հետքը․ սա հենց «անհանգստացման գործոնն» է: Այսինքն, մեկ խումբ չէ, որ եկավ ու անցավ, դա պարբերաբար օգտագործվող ճանապարհ է: 2-րդ, 3-րդ, 4-րդ անգամ արդեն կենդանու այդ տեսակը կլքի իր բնադրավայրը:

Կարող եմ որպես օրինակ բերել Խուստուփի լեռը: Երբ մենք մի 5-7 տարի առաջ բարձրանում էինք Խուստուփի գագաթը ճանապարհին հանդիպում էինք Վայրի հնդկահավի (ուլարի): Այն բնակվում է լեռների ալպիական գոտիներում, սակայն առանձին ընտանիքների արեալը խիստ սահմանափակ է: Իսկ հիմա, երբ Խուստուփ ես բարձրանում, այդ տեսակին չես հանդիպում: Առնվազն ճիչն անգամ չի լսվում: Սա օրինակներից մեկն է: Մեր կողմից իրականացվող դիտարկումները հենց այդ նպատակով են իրականացվում. եթե դիտարկումն իրականացվում է ոչ թե մեկ տարում, այլ տասնյակ տարիների ընթացքում, հենց այդ հավաքագրված տվյալների շնորհիվ հնարավոր է լինում տեսնել, թե իրականում ինչ փոփոխություններ են տեղի ունենում վայրի բնության հետ և հասկանալ դրանց պատճառները: Սա է տվյալների հավաքագրման և գրանցման արժեքը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում