«Իրական սարսափ ֆիլմ». Տեղի ունեցավ «Ամուլսար. պետության բնանտարբերությունը» ֆիլմի պրեմիերան (ֆոտո)

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, տեղի ունեցավ Paradiplomacy TV-ի կողմից պատրատված «Ամուլսար. պետության բնանտարբերությունը» հեղինակային ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլմի հեղինակ ու ռեժիսոր լրագրող Արման Սուլեյմանյանը երկար չխոսեց ֆիլմի ստեղծման և դրա նշանակության մասին, միայն նշեց անչափ կարևոր մի հանգամանք՝ «այս տարի քիմիայի ֆակուլտետ է ընդունվել ընդամենը 3 ուսանող»: Շատերի համար գուցե ոչ այնքան կարևոր հանգամանք, որի հետևանքները սակայն նկատելի կլինեն տարիներ անց:

«Սա կոմերցիոն ֆիլմ չէ և մտածել, թե ինչպես այն կվաճառվի, անիմաստ է: Շատ-շատ մարդիկ են օգնել ֆիլմի ստեղծման գործում: Անգամ չեմ էլ ուզում նշել, թե ովքեր են, որովհետև շատ համեստ մարդիկ են: Ուզում եմ քաջալերել լրագրողներին ընդհանրապես ստեղծել բնապահպանական ֆիլմեր, որովհետև դրանք երկարաժամկետ են: Բնապահպանական որ թեման վերցնես 100-200 տարի գոյություն ունի և հենց դրանով է այս ամենը կարևոր»,- ասաց նա:

«Իրական սարսափ ֆիլմ». այսպես անվանեց Արման Սուլեյմանյանը ֆիլմը, որն արդեն պատրաստ էր ցուցադրության: Ֆիլմում մանրամասն ներկայացվում է «Ամուլսարի պատմությունը»՝ ինչպես «Lydian International» հայտնվեց Հայաստանում, ինչ եղանակով կարողացավ հասնել իր նպատակին և ինչպիսին են լինելու հետևանքները: «Իրական սարսափ ֆիլմ» բնորոշումը միանշանակ է, մասնավորապես այն տեսանկյունից, որ ստեղծված իրավիճակից ելք և լուծում գտնելն այնքան էլ հեշտ չէ: Սարսափ ֆիլմ է հիշեցնում նաև այն հանգամանքը, որ Ամուլսարի շրջակայքում գտնվող բնակավայրերի բնակիչները «Lydian International»-ին դիտարկում են որպես «փրկիչ» և համաձայնություն են տվել ծրագրի իրականացմանը՝ «վաճառելով» սեփական կյանքը: Ֆիլմի մանրամասներին շուտով կարող եք ծանոթանալ ինքներդ, երբ այն հասանելի կլինի համացանցում: Կինոդահլիճի անկյունում դրված ոսկեգույն գունդը խորհրդանշում էր «Ամուլսարի» ոսկին և պատրաստված էր հանքի շահագործման արդյունքում ստացվելիք ոսկու չափերով:

 

Ֆիլմի գաղափարն ազդեցիկ էր: Այդ իսկ պատճառով դիտումից հետո ներկաների միջև սկսվեց բուռն քննարկում: Նշենք, որ ֆիլմի ցուցադրմանը մասնակցում էին բնապահպաններ Կարինե Դանիելյանը, Սիլվա Ադամյանը, Լևոն Գալստյանը, պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Լենա Նազարյանը, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ամերիկաբնակ քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանը, դերասան Հայկ Մարությանը, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը և այլոք: Ինչպես նշեց Արման Սուլեյմանյանը, ինքն անձամբ ֆիլմը դիտելու հրավիրել է թե՛ «Lydian International»-ի, թե՛ Բնապահպանության և մյուս նախարարությունների ներկայացուցիչներին, սակայն նրանց «պաշտոնը թույլ չի տվել ներկա գտնվելու»: Առաջին շարքերում նստած նկատվում էր միայն Բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, ում խոժոռ դեմքից ոչինչ կարդալ չէր հաջողվում:

Ֆիլմը շուտով կհայտնվի համացանցում հայերեն և օտար լեզուներով թարգմանված: Տարածելը խրախուսվում է:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում