Կոլորադյան բզեզ. ՀՀ Կենդանական աշխարհը
Կոլորադայի բզեզ, կոլորադայի կարտոֆիլի բզեզ (Leptinotarsa decemlineata), տերևակերների ընտանիքի միջատ, կարտոֆիլի և այլ մորմազգի կուլտուրաների կարանտինային վտանգավոր վնասատու։ Մարմնի երկարությունը 9-11 մմ է, ձվաձև է, կորնթարդ և դեղին։ Վերնաթևերի վրա կան սև շերտեր։ Թևերը կարմրանարնջագույն են։ Ձուն՝ վառ նարնջագույն։ Թրթուրը՝ մուգ դեղին կամ կարմիր սև գլխով, երկարությունը՝ մինչև 16 մմ, սեգմենտները (բացառությամբ կրծքային 1-ի) կողմնամասերում ունեն երկու սև կետ։ Հարսնյակը բաց կարմիր գույնի է։ Հասուն բզեզը ձմեռում է հողի մեջ։ Տարեկան տալիս է 1-2 սերունդ։ Դրանց հիմնական զանգվածը մայիս-հունիսին հողից դուրս է գալիս (մի մասը մնում է հանգստի վիճակում մինչև գարուն) և սնվում տերևներով։ 3-4 օր հետո ձվադրում են փոքր կույտերով տերևների ստորին մասերի վրա։ Պտղատվությունը՝ մինչև 3000 ձու։ Ձվադրումից 5-6 օր հետո դուրս են գալիս թրթուրները և սնվում տերևներով։ 16-24 օր հետո մտնում են հողի մեջ և հարսնյակավորվում։ Հարսնյակները 1-2 շաբաթվա ընթացքում կերպափոխվում են բզեզների, որոնք ամռան շոգերին, մինչև ձմեռումը, կարող են թռչել 40-300 կմ։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ ԽՍՀՄ-ում բազմանում էր կարտոֆիլաբուծական շրջաններում։ Անդրկովկասում փոքր օջախներով կար Ադրբեջանի Ղազախի շրջանում, իսկ ՀՀ-ում` Տավուշի մարզում։ Պայքարի միջոցները, կարանտինային միջոցառումներ, համատարած վարակված դաշտերում բույսերի մշակում միջատասպան միջոցներով կամ միկրոկենսաբանական պրեպարատներով (տարեկան մի քանի անգամ), մեխանիկական ոչնչացում։