Փոքրասիական գետնասկյուռ. Հայաստանի Կարմիր գիրք

Փոքրասիական գետնասկյուռը Սկյուռանմանների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Նեղ արեալային տեսակ է խիստ մասնատված արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգ ված»` EN B2ab (ii, iii, iv):

Տարածվածությունը: Թուրքիա` Կենտրոնական և Արևելյան Անատոլիա, հավանաբար` Լևանտ:

Տարածվածությունը Հայաստանում: Բնակեցնում է հիմնականում Հայաստանի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանները: Արագածոտնի, Շիրակի և Լոռվա հարավարևմտյան անտառազուրկ տարածքները:

Ապրելավայրերը: Բնակեցնում է նախալեռնային կիսաանապատի վերին մասերը, լեռնային տափաստանը, մարգագետնային տափաստանը և, երբեմն` ենթալպյան գոտու ստորին մասը ծ.մ. 1100–2400 մ բարձրություններում: Հանդիպում է նաև Փամբակի հովտում և Շիրակի հարթավայրում` դաշտերի ու բանջարանոցների եզրերի մոտ, երբեմն` լքված գյուղերի փլատակներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հիմնականում բուսակեր է: Ձմեռմանն անցնելուց առաջ սնվում է, խիստ ճարպակալում և պահեստում վայրի ու մեծ քանակությամբ հացազգիների սերմեր: Ձմեռումից դուրս է գալիս մարտի սկզբից մինչև ապրիլի վերջը: Արեալի տարբեր մասերում ձմեռման տևողությունը կազմում է 6,5–8,5 ամիս: Գետնասկյուռի բները երկու տեսակի են` պաշտպանական և բազմացման: Բույնը, սովորաբար, գտնվում է մոտ 1,5 մ խորության վրա: Ակտիվ են ցերեկային ժամերին: Զուգավորման ակտիվությունը սկսվում է ձմեռումից դուրս գալուց 5–7 օր հետո և տևում 10–15 օր: 4–6 ձագերը ծնվում են ապրիլ–մայիս ամիսներին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալի սահմաններում ֆոնային` ձմեռող տեսակ է, բավականին կայուն թվաքանակով: Միջին թվաքանակն արեալի տարբեր մասերում կազմում է 0,5–19,2 առանձնյակ 1 հա վրա: Հայաստանում արեալի մակերեսը կազմում է մինչև 350 հազ. հա: Տարածման փաստացի մակերեսը չի գերազանցում 15–25 հազ. հա, քանի որ բնակեցման վայրերն կրում են մոզայիկ բնույթ և խիստ մասնատված են:

Վտանգման հիմնական գործոնները: Արեալի հարավային և կենտրոնական մասերում խոշոր բնակեցման վայրերը կամ լիովին ոչնչացել են, կամէլ լքվել գետնասկյուռի կողմից` գյուղատնտեսական նպատակներով տարածքները յուրացնելու հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Մասամբ «Արփի լիճ» ազգային պարկում: Անհրաժեշտ է պահպանել խոպան հողերի բիոտոպերը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում