Անապատային խածկտիկ. Հայաստանի Կարմիր գիրք

Անապատային խածկտիկը Սերինոսների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Հյուսիսային Աֆրիկա, Փոքր Ասիա, Իսրայելից և Առաջավոր Ասիայից մինչև Պակիստան, Հյուսիսարևմտյան Հնդկաստան, Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Արարատի մարզի ք. Վեդիի շրջակայքի բնադրավայրում: Առանձին առանձնյակներ նկատվել են Արարատի մարզի այլ մասերում և Կոտայքի մարզում:

Ապրելավայրերը: Բնակեցնում է նոսր խոտաբույսերով և թփերով ծածկված անապատային խճային լանջերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, բնադրավայրում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է ժայռերի ճեղքերում, մեծ քարերի կույտերում: Տարեկան ձվադրում է երկու անգամ` ապրիլի վերջին–մայիսի սկզբին: Դնում են 4–6 ձու: Զարգացումը` 11–14 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Խիստ սակավաթիվ տեսակ է՝ օջախային բնադրմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակ: Ապրելավայրերի փոփոխումը տնտեսական գործունեության արդյունքում:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել արգելավայր ք. Վեդիի շրջակայքում՝ ներառելով քաղաքի հյուսիսային մասում գտնվող խճային լանջերը և ժայռերը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում