Սպիտակափող սոխակ. Հայաստանի Կարմիր գիրք

Սպիտակափող սոխակը Կեռնեխների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավաքանակ, քիչ ուսումնասիրված, օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Տարածված է Թուրքիայից դեպի արևելք` մինչև Փոքր Ասիա և Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է հանրապետության կենտրոնական, հարավային և հարավարևելյան շրջանների կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում:

Ապրելավայրերը: Ապրում է կիսաանապատներում և լեռնային չորային տափաստաններում` բնակեցնելով չորային բուսականությամբ ծածկված, համեմատաբար թեք լանջերը` թփերի և ծառերի պարտադիր առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ: Դնում են 4–5 ձու: Սնվում է առավելապես միջատներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Պոպուլյացիայի խտությունն արեալի տարբեր մասերում խիստ տատանվում է:

Վտանգման հիմնական գործոնները: Սպիտակափող սոխակի թվաքանակի վրա կարող են բացասականորեն ազդել կիսաանապատների և լեռնային տափաստանների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Հաշվի առնելով թվաքանակի վերաբերյալ տվյալների սակավությունը՝ անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ (ապրիլի վերջ – մայիսի սկիզբ) կատարելու համար: Նկատի ունենալով տեսակի օլիգոտոպությունը և ապրելավայրերի յուրացման հետ կապված վտանգները՝ անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Կիրառել գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործման էկոլոգիապես ավելի անվնաս մեթոդներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում