Գիշանգղ. Հայաստանի Կարմիր գիրք

Գիշանգղը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered A2bcde+3bcde+4bcde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN A2bcde+3bcde+4bcde:

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Հարավային Եվրոպայից և Աֆրիկայից, դեպի արևելք` մինչև Տյան-Շան և Պակիստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքում:

Ապրելավայրերը: Բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800–2000 մ բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում են մեկ անգամ` մեկ ձու: Կերը հայթայթում է ինչպես բաց լանդշաֆտներում (լեռնային տափաստան, կիսաանապատ, անտառատափաստան), այնպես էլ կիրճերում: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, սակայն երբեմն սնվում է խոշոր եղջերավոր կենդանիների և գիշատիչների դիակներով` հաճախ հավաքելով դրանք ճանապարհների վրա:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 40–60 բնադրող զույգեր: Պահվում է Երևանի կենդանաբանական այգում` 8 առանձնյակ, և Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում` 73 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Գիշանգղի թվաքանակի վրա կարող են ազդել թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թունավորումը թակարդներում դրված կերով, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:

Պահպանության միջոցառումները: 10 զույգը բնադրում են «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի վերահսկողությունը, ինչպես նաև վերանայել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը` իրականացնելով այն էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: Ուժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսիդերմիստների հավաստագրման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Խիստ անհրաժեշտ է կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում