Սպիտակաաչք սուզաբադ. Հայաստանի Կարմիր գիրք

 Սպիտակաաչք սուզաբադը Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Նստակյաց, քիչ տարածված տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Տարածված է Եվրոպայում, Միջերկրածովյան երկրներում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Հյուսիսային Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Չուի շրջանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, ինչպես նաև Արարատյան հարթավայրի արհեստական ձկնաբուծական լճակներում և գերխոնավ տարածքներում:

Ապրելավայրերը: Նախընտրում է առափնյա եղեգնուտներով պատված և հարուստ ջրային բուսականությամբ ջրավազանները: Մինչև Սևանա լճի մակարդակի իջնելը բնադրավայրերը գտնվում էին Գիլլի լճում: Ներկայումս բնադրում է Արարատյան հարթավայրի արհեստական և բնական լճակներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են եղեգնուտներով պատված առափնյա բույսերի թմբիկների, եր բեմն` նաև ջրի վրա: Բնում` 6–14 ձու, բաց դեղնավուն, 45–52 մմ: Թխսումը` 25–27 օր: Ձվից դուրս եկած ձագերը կերակրվում են առափնյա եղեգնուտին մոտ և վտանգի դեպքում անմիջապես թաքնվում են:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրման շրջանում պարբերաբար հաշվառվում են 5–30 բնադրող զույգեր: Չուի շրջաններում հանդիպում են 50–150 առանձնյակներից կազմված խմբերով: Միշտ եղել է սակավաթիվ:

Վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի բացակայությունը: Արարատյան հարթավայրի արհեստական և բնական լճակներում անհանգստացման գործոնը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Սևանա լճի մակարդակի բարձրացման դեպքում հնարավոր է վերականգնվեն բնադրավայրերը: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում, որը դրանց հիմնական բնադրավայրն է, կազմակերպվում են հանդիպումներ բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով: Անհրաժեշտ է տարվա բոլոր շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում: Բացահայտել հիմնական բնադրավայրերը և ապահովել դրանց պահպանությունը: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք և ուժեղացնել պայքարը որսագողության դեմ չուի շրջանում և ձմռանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում