Ձմեռային իշխան. Հայաստանի Կարմիր գիրք

Կարգավիճակը. Աշխարհում անհետացած, Սևանի իշխանի էնդեմիկ գեներատիվ–լճային ենթատեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Անհետացած»` EX:

Տարածվածությունը Հայաստանում. Տարածված է եղել միայն Սևանա լճում: Հայաստանից դուրս չի հանդիպել:

Ապրելավայրերը. Բնակվել և սնվել է առավելապես Փոքր և Մեծ Սևանի առափնյա շրջաններում:

Կենսաբանության առանձնահատկությունները. Սեռահասուն էր դառնում 3–5 տարեկան հասակում: Ձվադրում էր 6–8 մ խորություններում, խոշոր, խճաքարային գրունտներում, նոյեմբերից մինչև մարտ: Սնվում էր հիմնականում համարիդներով, փափկամարմիններով, ջրային միջատների թրթուրներով, հասուն առանձնյակները` նաև մանր ձկներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները. Մինչև XX դարի 70–ական թթ. բազմաքանակ, արդյունագործական նշանակություն ունեցող ենթատեսակ էր, որի տարեկան որսը կազմում էր 200–250 տոննա: Վերջին հավաստի որսը կատարվել է 1982 թ –ին Մեծ Սևանի հյուսիսարևելյան ափերի մոտ:

Վտանգման հիմնական գործոնները. Անհետացման հիմնական գործոնն էր ձվադրավայրերի չորացումը՝ լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով և որսագողությունը: 1970–1980 թթ–ին կատարվել են արհեստական վերարտադրման անհաջող փորձեր, սակայն աշխատանքները ընդհատվել են լճում վայրի արտադրողների բացակայության պատճառով:

Պահպանության միջոցառումները: 1978 թ –ից որսն արգելված է: Պահպանվում էր «Սևան» ազգային պարկում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում