Վայոց ձորի մարզի սոցիալտնտեսական խոցելիությունը կլիմայական փոփոխություններից պարզելու համար տեղի է ունեցել սեմինար-հաշվետվություն
![](https://econews.am/disk/08-07-15/97398ed9b8776c89a44422ef173d4c48.jpg)
Ս.թ. օգոստոսի 27-ին ՀՀ բնապահպանության նախարարության համակարգմամբ իրականացվող «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագիրը Վայոց ձորի մարզում կազմակերպել էր աշխատաժողով-քննարկում, որի ժամանակ մարզի շահագրգիռ ներկայացուցիչներին ներկայացվել է ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի կողմից որպես պիլոտային տարածք ընտրված Վայոց ձորի մարզի համար Կլիմայական փոփոխություններից խոցելիության գնահատման հաշվետվության և հարմարվողականության միջոցառումների ծրագիրը:
Հաշվետվությունը պատրաստել է «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ն: Հաշվետվությունը մշակվել է, որպեսզի գնահատվի Վայոց ձորի մարզի սոցիալտնտեսական խոցելիությունը կլիմայական փոփոխություններից, ներառյալ առկա ռիսկերը մասնավոր և պետական հատվածի համար: Հաշվետվությունում որպես հավելված ներկայացված է նաև Վայոց ձորի մարզի կլիմայական փոփոխությունների և հարմարվողականության առաջարկվող գործողությունների պլանը:
Աշխատաժողովին ներկա էին 30 մասնակից ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներից, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմից (ԱՌՆԱՊ), ինչպես նաև Վայոց ձորի մարզպետարանից, համայնքներից, մասնավոր և հասարարկական կազմակերպություններից:
Քննարկումների ընթացքում մարզի ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր: Մասնավորապես` մարզում կառուցված և գործող մի շարք ՀԷԿ-երի առնչութամբ առաջարկ հնչեց ոռոգման ժամանակահատվածում դադարեցնել վերջիններիս գործարկումը, քանի որ այն ոռոգման համակարգի խախտման պատճառ է հանդիսանում:
Վերհանված հրատապ խնդիրներից էր նաև մարզում իրականացվող որսը, ինչը լուրջ վնաս է հասցնում կենսաբազմազանությանը:
Մարզի ներկայացուցիչները որպես գյուղատնտեսական զարգացման ուղի նշեցին արտոնյալ պայմաններով վարկերի ստացումը:
Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների շրջանակում Վայոց ձորի մարզի ներկայացուցիչներն առաջարկեցին օժանդակել մարզում առկա փոքր հյուրատներում արևային էներգիայի օգտագործմամբ տաք ջրամատակարարման ապահովման աշխատանքներին:
Մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց «Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» ՄԱԶԾ-ՃԿՎԲ ծրագրի շրջանակներում կառուցվող պասիվ արևային ջերմատան նախագիծը և կարծիքներ հնչեցին, որ նմանատիպ նախագծերի և փորձի տարածումը խիստ անհրաժեշտ է նաև մյուս համայնքներում, որոնք խոցելի են կլիմայի փոփոխության բացասական հետևանքների նկատմամբ:
Հանդիպման ավարտին մասնակիցները ևս մեկ անգամ կարևորեցին կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության գործողությունների իրականացման անհրաժեշտությունը:
Կլիմայական փոփոխություններից խոցելիության գնահատման հաշվետվության և հարմարվողականության միջոցառումների ծրագրի մոդելը հետագայում նախատեսվում է կիրառել նաև հանրապետության մյուս մարզերի համար:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/30-11-21/b54e1464e8ab8525eb3e890a7cef01ec.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-04-21/1c56faaf25c4fef88c03b5f4d5624422.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/21-01-21/81826ad3fa037531503bb378e262ea62.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/28-12-20/48b098158e8e6e7b251a620a8a4dbc64.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-12-20/12b384aaba3968424c14c324d946ee5e.jpg&w=300&h=200)