«Տրոցենկոյենք ուզում են հեշտությամբ կորզել հարուստ հատվածներում գտնվող պղինձը․․․»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-հայտարարություն է տարածել ի պատասխան «Փաստ» թերթի՝ «ԳեոՊրոՄայնինգ»-ը շանտաժի՞ է ենթարկում Հայաստանի իշխանությանը» վերնագրով հրապարակմանը։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ ««ԶՊՄԿ» ՓԲԸ-ի արտադրական գործունեությունը խստորեն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բոլոր նորմատիվ - իրավական ակտերին: Այս մոտեցումը հետևողականորեն կիրառվում է նաև նոր սեփականատիրոջ կողմից:

Մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում հանքաքարի արդյունահանումը շարունակվում է բացառապես հաստատված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» ՇՄԱԳ նախագծի (2016թ. դեկտեմբերի 16-ի թիվ ԲՖ 108) և «Տեխնիկական անվտանգության գնահատում» ՏԱԳ նախագծի (2016թ. հոկտեմբերի 28-ի թիվ 2819) հիման վրա, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, որը բացառում է օգտակար հանածոների ընտրովի/սելեկտիվ արդյունահանումը։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ԶՊՄԿ ՓԲԸ-ն ամեն տարի Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին է ներկայացնում արտադրական գործունեության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ հաշվետվությունները: Այդ հաշվետվությունները արտացոլում են ամբողջական տեղեկատվություն ԶՊՄԿ ՓԲԸ-ի փաստացի գործառնական գործունեության վերաբերյալ:

Ավելին, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ օգտակար հանածոների ընտրովի/սելեկտիվ շահագործման կանխարգելումը։ Այս առումով չի փոխվել ընկերության մոտեցումը նաև սեփականատիրոջ փոփոխությունից հետո։
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ «Փաստ» թերթի 21.07.2022թ. հրապարակման մեջ տեղ գտած բոլոր փաստերը կեղծ են և վարկաբեկում են ընկերության գործարար համբավը։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն կոչ է անում «Փաստ» թերթի խմբագրությանը մասնագիտական գործունեության մեջ չզբաղվել էկվիլիբրիստիկայով և չհրապարակել չճշտված ու կեղծ տեղեկատվություն։ Հակառակ դեպքում ընկերությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր գործիքները, այդ թվում՝ նման հարցերի լուծումը դատական կարգով»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Փաստ» թերթը գրել էր․ «Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերը, ըստ փորձագիտական շրջանակների, կասկածելի ճանապարհով ձեռք բերած գործարար Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ռոման Խուդոլիի, կարծես լուրջ խնդիրներ է առաջացնում ՀՀ կառավարության հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված:

Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, որպես գործ չանելու պատճառաբանություն, պղնձամոլիբդենայինի տնօրինությունը երկու հիմնական հիմնավորում է առաջ բերում՝ պղնձի գնի անկումը միջազգային շուկաներում և միջոցների սակավությունը՝ ռուսական և անձամբ Տրոցենկոյի կապիտալի տեղաշարժի սահմանափակումների հետ կապված:

«Փաստին» տեղեկություններ են հասել, որ իրավիճակի հնարավոր լուծման համար որպես նախապայման Տրոցենկոյի լոբբինգով զբաղվող երկու հայ բարձրաստիճան պաշտոնյա շուրջ մեկ ամիս առաջ փորձել են «հող շոշափել» կառավարության համապատասխան մակարդակներում՝ Զանգեզուրի կոմբինատին «հանքանյութի ընտրողական կորզում» թույլատրելու վերաբերյալ: Այդ պաշտոնյաներն ասել են, թե «Գեոպրոմայնինգը» նախազգուշացնում է, որ չթույլատրելու դեպքում ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակը գնահատվելու է որպես ֆորսմաժորային, և ոչ մի խոստացված նախագիծ չի իրականացվելու. չի լինելու ո՛չ պղնձաձուլարան, ո՛չ ատոմակայան, ո՛չ էլ էկոլոգիական և պոչամբարի հետ կապված խնդիրների որևէ լուծում:

Ըստ մեր տեղեկությունների, չնայած ակնհայտ շանտաժին՝ կառավարությունում գիտակցում են հանքից «յուղոտ կտորները» մի քանի տարում պոկելու հետևանքները և չեն ուզում գնալ նման գործարքի: Ավելին, պարզ է, որ հանքանյութի ընտրողական կորզումը հանքարդյունաբերության քաղաքականության առումով քաղաքակիրթ աշխարհում՝ ներառյալ Ռուսաստանում, համարվում է սպառնալիք ազգային անվտանգությանը:

Ըստ մեր զրուցակցի, «Տրոցենկոյենք ուզում են հեշտությամբ կորզել հարուստ հատվածներում գտնվող պղինձը և ստանալ գերշահույթ: Բայց իշխանությունը պարտավոր է գիտակցել, որ դա կբերի հանքի աղքատացմանը և վաղաժամ փակմանը, քանի որ այդպիսով հանքը կկորցնի արդյունաբերական արժեքը: Ուստի՝ նման գործարք կարող է լինել միայն զուտ քաղաքական շատ կասկածելի որոշման արդյունքում»»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում