Երևանի կենտրոնում կրակել և սպանել են կատվի (ֆոտո)

Օրերս, Երևանի Կենտրոն համայնքում զենքի կիրառմամբ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպք է արձանագրվել։ Դեռևս անհայտ անձը կրակել է կատվին, ինչի հետևանքով կենդանուն ենթարկել են էֆթանազիայի։ 

Կենդանասերները նկատել են վիրավոր կենդանուն Երևանի Երվանդ Քոչար փողոցում, այնուհետև կենդանասեր Հրանտ Դավոյանը կրակված կենդանուն տեղափոխել է կենդանաբուժական կլինիկա, որտեղ փորձել են նրան օգնություն ցուցաբերել, սակայն վնասվածքները եղել են կյանքի հետ անհամատեղելի։ 

Կենդանաբուժական եզրակացությամբ ասվում է, որ եվրոպական կարճամազ ցեղատեսակի արու կատուն կլինիկա է ներկայացվել բոլոր վերջույթների պարալիզով։ Հայտնաբերվել է ծակած, թափանցող վերք, որի եզրերը եղել են հարթ, մոտ 0,3 սմ տրամագծով, իսկ շրջակա հատվածի մազերը թարմ արյան հետքերով։ Ռենտգեն նկարում հայտնաբերվել են 2 մետաղյա գնդաձև գոյացություններ։ 

Այսպիսով, պարզ է դառնում, որ կենդանուն կրակել են երկու անգամ, առաջինը՝ ողնաշարի թիկնային հատվածում, մյուսը՝ ձախից կողային աղեղին զուգահեռ։ 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում