Ահազանգ․ Հրազդանում կրակել և սպանել են հաշմանդամ շների (ֆոտո)

ՀՀ–ում, հատկապես Երևան քաղաքից դուրս, շարունակվում է դաժան վերաբերմունք դրսևորվել կենդանիների նկատմամբ։ Օրերս հնչել է ահազանգ Հրազդան քաղաքից։ Կենդանասեր քաղաքացին հայտնել է, որ դեռևս անհայտ անձը կրակել և սպանել է իր խնամքի տակ գտնվող 4 հաշմանդամ շների։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ է հաստատել ահազանգող քաղաքացու հետ, որը դեպքի առնչությամբ մանրամասներ է հայտնել․ «Հրազդանի միկրոշրջանի ամայի տարածքներից մեկում մի քանի շուն էի պահում, քանի որ իմ խնամքի տակ գտնվող շները շատացել են, իսկ ես սեփական տարածք չունեի։ Սկզբում վարձով էի վերցնում, հետո՝ դիմեցի քաղաքապետարան, որպեսզի փոքր տարածք հատկացնեն մեզ, մերժեցին, ստիպված որոշեցի այդ բոստանում պահել շներին։ Բոլորը հաշմանդամ կենդանիներ են, «Դինգո թիմ» ՀԿ-ի միջոցով են վիրահատվել հիմնականում, ծանր վիրահատություն տարած կենդանիներ են՝ մեքենայի տակ ընկած, երկաթներով կոնքերը հավաքած, մյուսի մեկ ոտքը չկար և այլն։ Իմ միջոցներով արդեն 2 տարուց ավել է այդ տարածքում խնամում էի իրենց։ 

Սպանված շներից մեկը

Շաբաթ օրը՝ հունվարի 16-ին, ժամը 19։00-ի սահմաններում, երբ գնացի կերակրելու, տեսա 4 շներին կրակել-սպանել են։ Հենց տարածքի մեջն են, անգամ չեն կարողացել փախչել։ Կրակված փամփուշտների պարկուճներն էլ կան։ Ոստիկանություն էլ կանչեցի նույն օրը, ժամանեցին, հաղորդում ներկայացրեցի, մինչ այսօր կենդանիների դիերը նույն տարածքում են, իբր այսօր պետք է գային դիահերձեին։ Կենդանաբույժ էլ էր եկել, որը հաստատեց, որ շները խնամված և կերակրված, ստերջացված են եղել, ուստի անհնար է սովից կամ ագրեսիայից նման դեպք լիներ։ Այդ տարածքում 10 շուն էի պահում, որից 4-ին հայտնաբերեցի սպանված, ընդ որում, 3-ը ձագեր են, մեկն էր հասուն, իսկ մնացածի ճակատագիրն անհայտ է։ Բացի 4 սպանվածները, երկուսն էլ թեթև վիրավոր են՝ կրակոցից թեթև վնասվածքներ են ստացել։ Իրենք էլ շատ վախեցած են, անգամ մոտ չեն գալիս։ Մեզ մոտ ձյուն էր տեղացել ուժեղ և պարկուճները միայն երեկ ենք հայտնաբերել՝ ձյունը հալվելուց հետո»։ 

Քաղաքացին տրամադրել է լուսանկարներ, որոնցում որսորդական հրազենի պարկուճներ են։ 

Հայտնաբերված որսորդական հրազենի պարկուճներ

Մեզ հետ զրույցում քաղաքացին հայտնել է նաև, որ տարածքը, որտեղ կենդանիները պահվել են շատ ամայի է եղել և չի ունեցել սեփականատեր։ «Կենդանիները ոչ ոքի չեն խանգարել, բնակելի տարածքից հեռու են, բայց անգամ, եթե հաչոցներն են խանգարել, մեզ ոչ ոք երբեք չի բողոքել, այն դեպքում, երբ մենք ամեն օր այնտեղ ենք։ Թաղամասի բոլոր բնակիչները գիտեն, որ այնտեղ ես թափառող կենդանիներ եմ պահել ու խնամել։ Ամբողջ Հրազդանը գիտի, որ ես շներ եմ պահում, դա իմ կյանքի խնդիրն է, ամբողջ օրը կռիվ եմ տալիս մարդկանց հետ, բայց իմ շներից ոչ ոքը վտանգավոր չէ, դրա համար ոչինչ չեն կարողանում անել։ 

Սեփականատեր չկա տարածքի, ամայի տարածք է։ Կողքի բոստաններն էլ սեփականաշնորհած չեն, միայն հարևան մարդը մի քանի անգամ ասել է, որ դա իր տարածքն է, համաձայնության ենք եկել, որ երբ իրեն պետք լինի, ես շներին կտեղափոխեմ։ Հույս ունեի, որ Քաղաքապետարանը տարածք կտրամադրի»,– մանրամասնեց նա։

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն: Հոդված 258.2–ը սահմանում է․ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը բազմիցս ահազանգել է «որսորդների» կողմից թափառող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման դեպքերի մասին։ Ստանալով որսորդական միության վկայական՝ ձեռք բերելով հրազեն, «որսորդները» կարծում են, թե կարող են այն օգտագործել ցանկացած վայրում, ցանկացած պահի և ցանկացած նպատակով։ Երկար տարիներ, մինչ ՀՀ–ում թափառող կենդանիների խնդրի լուծման շուրջ կենդանասիրական և մարդասիրական մի շարք գաղափարների ի հայտ գալը, որսորդների կողմից շների սպանդը համարվել է ապօրինի, սակայն «բնական» երևույթ։ Այսօր, այս ապօրինության համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Գյումրի քաղաքապետարանի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում